суббота, 14 сентября 2013 г.

Սամսոնի վանք

Սամսոնի վանքը գտնվում է Սամսոնի Ջուր գետակի ձախափնյա անտառապատ սարահարթում:
Այն թաքնված է անտառներում և բավական հեռու է բնակավայրերից: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, կիսավեր մատուռից, բնակելի և օժանդակ շենքերի մնացորդներից:
Գլխավոր եկեղեցին սրբատաշ ավազաքարից կառուցված գմբեթավոր դահլիճ է և ունի 5,6 x 5,3 մ չափսեր: Արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան խորանով ու ցածր բեմով: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Ուշագրավ է եկեղեցու ներքուստ կլոր, արտաքուստ ութանիստ թմբուկը` հարդարված որմնասյունիկներով: Եկեղեցու պատերը ներսից պատված են եղել որմնանկարներով, որոնցից պահպանվել են առանձին կտորներ:
Մատուռը կառուցվել է վանքի հյուսիսային կողմում: Ունեցել է որմնանկարներով զարդարված թաղակապ ծածկ: Մատուռի արևմտյան պատին պահպանվել են անթվակիր նվիրատվական բնույթի արձանագրություններ: Գրվածքներ կան նաև մատուռի ներսի պատերին:
Վանքի մոտակայքում կարելի է նկատել ուղղանկյուն հատակագծով շենքերի մնացորդներ:

Քարաբլիթ

Ժայռը գտնվում է Ներքին Գոշ գյուղից 0,2 կմ հարավ-արևմուտք, դեպի Գոշավանք տանող ավտոճանապարհի աջ կողմում։
Հուշարձանը ձևավորվել է ավազաքարային և կրաքարային գոյացությունների էրոզիայի հետևանքով: Հողմնահարման և ջրային էրոզիայի հետևանքով առավելապես քայքայվել են ապարների համեմատաբար փափուկ հատվածները, առաջացնելով զարմանահրաշ՝ իրար վրա «նստած» տարբեր տրամաչափերի օղակաձև կառուցվածքներ։

Տավուշ բերդ

Տավուշը միջնադարյան ամրոց էր Մեծ Հայքի Ուտիք նահանգի Տավուշ գավառում, համանուն գետի աջ ափին (Տավուշի մարզի Բերդ քաղաքում)։
Հիմնադրման թվականը հայտնի չէ։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Xդ. սկգբին, որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր։ X-XIդդ. պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIIIդդ.՝ Զաքարյաններին։ XIVդ. վերջից անտերունչ մնացած Տավուշը աստիճանաբար ավերվել ու քայքայվել է։ Տավուշը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից։ Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ), լեզվականման տարածքը։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիս-արևմտյան մասերում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդը հյուսիսային կողմում շարունակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք։ Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահպանվել են)։
 

Սրվեղի վանք


Սրվեղի վանքը (XIIIդ.) գտնվում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3կմ հարավ, Խաչի Տակ կոչվող վայրում։ Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է՝ կառուցված թրծած աղյուսով։ Ունի շեշտված վերձիգ համաչափություններով, սրածայր վեղարով գմբեթ, որի հետ, ըստ ժողովրդական ստուգաբանության, կապվում է Սրվեղ անվանումը: Սրվեղի վանքը մի շարք անգամ ենթարկվել է նորոգումների։ Պատերում, հատկապես ստորին մասերում աղյուսե շարվածքի մեջ դրված են խաչքարերի կտորներ։
Շուրջը միջնադարյան գերեզմանոց է։ Հյուսիսային կողմում գտնվում են XIXդ. միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր։ Տարածքում պահպանվել են բնակելի և տնտեսական շինությունների, պարսպապատերի հետքեր։

Ջուխտակ վանք

Ջուխտակ վանք, հայկական վանք է ՀՀ Տավուշի մարզում։ Գտնվում է 3 կմ հյուսիս-արևմուտք Դիլիջանից, անտառաատ լանջին, երկու գետակների միջև ընկած՝ Լոռին Ղազախից բաժանող կաղնու և հաճարի անտառներով ծածկված Խալ-Խալլու լեռան հարավային փեշին։ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում. Բլդան գետի հովտում, անտառապատ գեղեցիկ վայրում։: Վանքի աչ ու ձախ կողմերով միալար վշշում են սարերից իջնող գետակները, իսկ քիչ հեռու գտնվում է հանրահռչակ «Դիլիջան» հանքային ջրերի գործարանը։ Վանքից ներքև, գետակներից մեկը թափվում է կարմրագույն գրանիտի մեծ սալի վրա։ Հազարամյակների ընթացքում ջուրը այդ սալի մեջ փոս է առաջացրել։Բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից: Ջուխտակ վանքը հիմնադրվել է 12-13 դարերում: Բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից և շուրջը տարածված գերեզմանոցից։ Աոաջինը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՝ կառուցվել է 12 դ։ Գմբեթավոր է։ Մյուսը` Ս. Աստվածածինն է, որը կառուցվել է 1201 թ, վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ, ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ։ Վերջինս միանավ, թաղակապ, երկթեք տանիքով դահլիճ է։ Օգտագործված են դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարեր։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր։ Նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր։ Համալիրի շուրջը կան գերեզմաններ։ 1973-77 թ վանքի համալիրը վերականգնվել և նախկին տեսքին է բերվել։ Հ. Ոսկյանը («Արցախի վանքեր», էջ 214) սխալմամբ այս վանքի հետ է նույնացնում Սյունիքի Ճահուկ գավառի Օծոփի Ս. Աստվածածին վանքը։


Հուշարձանների պատերին փորագրված արձանագրություններում հիշատակվում են Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1201 թ., վանքի վանահայր Հայրապետի ջանքերով։ Շարված է սրբատաշ դեղնավուն քարերով, քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանի֊քով (8,6X6,4 մ) շինություն է։ Կիսակլոր ճակատակալ քարի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը. «1201 թվին հայոց ամիրայության Լաշայի և տերության... խանին... ես Հայրապետ, առաջնորդ սուրբ ուխտիս, որ կոչվում է Պետրոսի վանք, շինեցի սուրբ Աստվածածին և հույսով կարգեցի, որ ճրագլուցին երկու խորաններում ինձ համար պատարագ կատարեցին նաև մեկն իմ եղբայր Շմավոնին, իսկ բոլոր եկեղեցիներում իմ ծնողների համար»: Եկեղեցու պատերին կան նաև նվիրատվական մի քանի այլ արձանագրություններ։ Ս. Գրիգոր եկեղեցին կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7X7,5 մ)շինություն է։ Գտնվում է Աստվածածին եկեղեցուց 20 մ արևելք։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ ս. Գրիգորը ավելի վաղ է կառուցվել քան Աստվածածինը։ 1975 - 1979 թթ. Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության միջոցներով իրականացվել են հուշարձանախմբի վերանորոգ¬ման և շրջապատի բարեկարգման աշխատանքները։

Շխմուրադի եկեղեցի

Ծաղկավան գյուղի մոտ է Շխմուրադի վանքային համալիրը (XII-XIIIդդ.)՝ կազմված եկեղեցուց, մատուռից և երկու գավթից։
Եկեղեցին (1181թ.) կառուցված է սպիտակագույն ֆելզիտից, լավ է պահպանված և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթով։ Ուղղանկյուն ավանդատների մուտքը բեմից է։ Արևելյան ճակատը մշակված է զույգ խորշերով։ Համալիրի հարավ-արևելքում կիսավեր, միանավ մատուռն է: Վանքի գավիթները եկեղեցու հարավային և արևմտյան կողմերում են։ Արևմտյան գավիթը քառակուսի հատակագծով դահլիճ է, մեկ զույգ ութանիստ մույթով, որոնցից դեպի եկեղեցու ճակատի որմնամույթերը ձգվող կամարների վրա բարձրանում է երդիկով ավարտվող կենտրոնական հատվածը։
Գյուղի տարածքում պահպանվել են նաև ամրոցների ավերակներ, գյուղատեղիներ, գերեզմանոցներ։

Նոր Վարագավանք

Վարագավան գյուղից մոտ 2կմ հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին է գտնվում Նոր Վարագավանք միջնադարյան վանքային համալիրը:
Այն հիմնադրել է Նոր Բերդի Դավիթ իշխանը 1193-1198թթ.-ին՝ կառուցելով վանքի հնագույն՝ Անապատ եկեղեցին և տոհմական տապանատունը: Դեղնագույն սրբատաշ քարից շինված եկեղեցին թաղածածկ դահլիճ է և պատկանում է հայկական երկաբսիդ եկեղեցիների հազվադեպ տիպին (Հայաստանում մեզ հայտնի մյուս օրինակներն են Սանահինի Ս. Հարություն և Հերհերի Ս.Սիոն XIIIդ. եկեղեցիները): Ուշագրավ է շքամուտքը՝ զարդարված դռան երկու կողմերում քանդակված խաչքարերով: Անապատ եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ տապանատունը, հարավից՝ միանավ փոքր մատուռը, իսկ արևմուտքից՝ գավիթը (ծածկը և հարավային պատը չեն պահպանվել):
Վանքի հյուսիսային կողմում կանգուն է Ս.Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Դավիթ իշխանի որդի Վասակ Բ, 1224-1237թթ.-ին: Ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գլանաձև բարձր թմբուկով գմբեթով եկեղեցու բեմի աբսիդը լուսավորվում է զույգ լուսամուտով: Մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից: Վերջինը շքեղ է, հարդարված խճանկար հիշեցնող մուգ մանուշակագույն և բաց կապույտ աստղաձև, շեղանկյուն և վեցանկյուն եզրագիծ ունեցող, կենդանակերպ ու բուսական չկրկնվող քանդակազարդ քարերով:
Եկեղեցուն արևմուտքից կից է 1237-1261թթ.-ին վանքի վանահայր Հովհաննես Տուեցու կառուցած խոշոր, ուղղանկյուն գավիթը, որի ծածկը ամբողջովին քանդված է:
Համալիրի պարսպից 200մ հյուսիս միաբանության գերեզմանոցն է՝ փոքրիկ մատուռով: Վանքը ունեցել է ջրմուղ (ըստ արձանագրության կառուցել է ոմն Շառա, 1253թ.-ին): Սկզբում Անապատ կոչվող մենաստանը XIIIդ. վերանվանվել է Նոր Վարագավանք, երբ Վասպուրականի Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալեդդինի հրոսակներից հալածված, վերցնելով հռչակավոր «Սուրբ Նշանը»՝ 1237թ.-ին տեղափոխվել է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության այս հոգևոր կենտրոնը: