среда, 8 января 2014 г.

Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի կամ Վաղարշապատի միջնադարյան Ս. Գրիգորի տաճարը գտնվում էր

Արարատյան դաշտում, Վաղարշապատից 3կմ դեպի հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության, կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը և նրա գահակալության տարիներից էլ՝ 641-661թթ., արտածվում է Ջվարթնոցի կառուցման ժամանակը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցը օծվել է 652թ.-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև Xդ. վերջը։ XXդ. սկգբին ավերակ Զվարթնոցը տակավին ծածկված էր հողի հաստ շերտով։ Ըստ պեղված նյութերի, նախքան Ջվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-Vդդ. կառույցներ։ Հնագույնը՝ 0,63մ × 2,7մ չափերի կոթողն է (գտնվում է Ջվարթնոցի թանգարանում) Ռուսա II ուրարտական արքայի սեպագիր արձանագրությամբ՝ շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ։ Ենթադրաբար Զվարթնոցի տարածքում է եղել Տիր աստծո մեհյանը։ Պեղումները հայտաբերեցին տաճարը, նրանից հարավ-արևմուտք՝ կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու ավերակներ, պալատից ոչ հեռու, հարավ-արևելյան մասում՝ խաղողի քարաշեն հնձան և այլն։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավ-արևմտյան մասից, ուր պալատն է), կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։
Ջվարթնոցը արտաքուստ եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է։ Հարավային մասում է տեղադրված եղել արևային բոլորակ ժամացույցը։
Հայկական ճարտարապետության մեջ Զվարթնոցը նորատիպ կառույց էր։ Հետագա դարերում հայկական ճարտարապետությունը մեծապես կրել է Ջվարթնոցի ազդեցությունը։ Ջվարթնոցը հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումարն էր, Հայաստանի քաղաքակրթական ընդհանուր զարգացման արգասիքը։
1937թ.-ին Ջվարթնոցի ավերակներից ոչ հեռու կառուցվել է փոքրիկ թանգարան, որտեղ ցուցադրվում են պեղված նյութերը։

Ս.Գայանե եկեղեցի

Ս.Գայանեի եկեղեցին կառուցել է Եզր կաթողիկոսը Վաղարշապատում, 630թ.-ին։
1652թ.-ին նորոգվել են պատերը, ծածկը։ 1683թ.-ին ճակատին կից կառուցվել է սրահ։ Ս.Գայանեի եկեղեցին VIIդ. 1-ին կեսի գմբեթավոր բազիլիկ տիպի օրինակ է։ Պատուհանների երեսակալները բնորոշ են VIIդ.։ Աչքի է ընկնում պարզությամբ, ճարտարապետական-գեղարվեստական միջոցներով, համոզիչ տարածական ձևերով, տպավորիչ ներքին հարդարանքով:
Կից գերեզմանոցում ամփոփված են հոգևոր և աշխարհիկ նշանավոր գործիչների աճյունները (Դանիել Բեկ-Փիրումյանը,
Մախլուտոն, Րաֆֆու «Խենթը» և այլն):

Վիշապաքարեր

Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին և այլ վայրերում հայտնաբերվել են վիշապի պաշտամունքին նվիրված հնագույն բազմաթիվ քարակոթողներ, որոնք հայտնի են «Վիշապաքարեր» անունով։
Վիշապաքարերից ոմանք պատկանում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Դրանք կերտվել են միակտոր քարից. ամենամեծը ունի 5,06մ բարձրություն: Ունեն ձկան տեսք` վրան օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ ու թռչուններ պատկերող քանդակներով: Սովորաբար դրվել են աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Ենթադրվում է, որ այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող աստվածությունների կուռքեր։
Վանքի լճի մոտ (Գեղամա լեռներում) պահպանվել են երկու վիշապաքար, որոնցից մեծը մոտ 3,5մ է:

Ս.Ստեփանոս (Աղջոց) վանք

Աղջոց վանքը գտնվում է Գեղարդից 7կմ հարավ (Արարատի մարզ)։ Գլխավոր Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է XIIIդ. սկզբին, ունի խաչաձև հատակագիծ, չորս ավանդատուն։ Գավիթը (XIIIդ. երկրորդ կես) գտնվում է գլխավոր եկեղեցուց արևմուտք, որից պահպանվել է պատերի մի մասը։ Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին հպված է Ս.Ստեփանոսի հյուսիսային պատին։ Ուշագրավ են եկեղեցու մուտքի երկու կողմերում Պողոս և Պետրոս առաքյալների բարձրաքանդակները։

Ս.Հովհաննես-Կարապետ վանք

Ս.Հովհաննես-Կարապետ վանքի Սպիտակավոր Ս.Աստվածածին եկեղեցին ըստ արձանագրության կառուցվել է 1301թ-ին։
Միակ արևմտյան շքամուտքի բարավորին և նրանից վեր բարձրարվեստ հարթաքանդակներ են, որի հեղինակն է Սարգիս վարդապետը։
Եկեղեցուց հարավ-արևմուտք ուղղանկյուն հատակագձով, թաղածածկ (այժմ՝ քանդված) ժամատունն է (XIVդ.), որին արևմուտքից կից է երկհարկ եկեղեցի-դամբարանը (ավերված է զանգակատան ռոտոնդան)։
Միաբանության շենքերը (1896թ.) ներսից կից են վանքի ուղղանկյուն պարսպին (1897թ.)։ Պահպանվել են ջրմուղի և ջրամբարի մնացորդները։ Վանքի գերեզմանոցում կան հարուստ, նուրբ մշակված զարդաքանդակներով խաչքարեր և կենցաղային պատկերներով գերեզմանաքարեր։

Կաքավաբերդ (Գեղի բերդ)

Կաքավաբերդը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում, Ազատ գետի աջ ափին։
Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-Xդդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XIդ. անցել է Պահլավունիներին, XII-XIIIդդ. այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224թ.-ին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։
Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5մ հաստություն, 8-10մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։
Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով: Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։

Խոր Վիրապ

Խոր Վիրապ վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ։
Հնում այստեղ է եղել պատմական Արտաշատ քաղաքը, իսկ Խոր Վիրապի բլուրներին՝ միջնաբերդը։ Ներկայիս վանք-ամրոցի տեղում եղել է արքունի բանտը։ Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, Գրիգոր Լուսավորիչը այս վիրապում է կրել իր չարչարանքները։ 642թ-ին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ: Մատուռը իր կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662թ.-ին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչ օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4,4մ տրամագծով, 6մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։
Պահպանվել է նաև բրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։
Պարսպից ներս, կենտրոնում, Ս.Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։ Եկեղեցին կառուցվել է XVIIդ. վերջին, արտաքինից գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։
Խոր Վիրապի վանքը եղել է դպրության կենտրոն. XIIIդ. ունեցել է վարդապետարան՝ մոտ 40 աշակերտով։