суббота, 14 сентября 2013 г.

Սամսոնի վանք

Սամսոնի վանքը գտնվում է Սամսոնի Ջուր գետակի ձախափնյա անտառապատ սարահարթում:
Այն թաքնված է անտառներում և բավական հեռու է բնակավայրերից: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, կիսավեր մատուռից, բնակելի և օժանդակ շենքերի մնացորդներից:
Գլխավոր եկեղեցին սրբատաշ ավազաքարից կառուցված գմբեթավոր դահլիճ է և ունի 5,6 x 5,3 մ չափսեր: Արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան խորանով ու ցածր բեմով: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Ուշագրավ է եկեղեցու ներքուստ կլոր, արտաքուստ ութանիստ թմբուկը` հարդարված որմնասյունիկներով: Եկեղեցու պատերը ներսից պատված են եղել որմնանկարներով, որոնցից պահպանվել են առանձին կտորներ:
Մատուռը կառուցվել է վանքի հյուսիսային կողմում: Ունեցել է որմնանկարներով զարդարված թաղակապ ծածկ: Մատուռի արևմտյան պատին պահպանվել են անթվակիր նվիրատվական բնույթի արձանագրություններ: Գրվածքներ կան նաև մատուռի ներսի պատերին:
Վանքի մոտակայքում կարելի է նկատել ուղղանկյուն հատակագծով շենքերի մնացորդներ:

Քարաբլիթ

Ժայռը գտնվում է Ներքին Գոշ գյուղից 0,2 կմ հարավ-արևմուտք, դեպի Գոշավանք տանող ավտոճանապարհի աջ կողմում։
Հուշարձանը ձևավորվել է ավազաքարային և կրաքարային գոյացությունների էրոզիայի հետևանքով: Հողմնահարման և ջրային էրոզիայի հետևանքով առավելապես քայքայվել են ապարների համեմատաբար փափուկ հատվածները, առաջացնելով զարմանահրաշ՝ իրար վրա «նստած» տարբեր տրամաչափերի օղակաձև կառուցվածքներ։

Տավուշ բերդ

Տավուշը միջնադարյան ամրոց էր Մեծ Հայքի Ուտիք նահանգի Տավուշ գավառում, համանուն գետի աջ ափին (Տավուշի մարզի Բերդ քաղաքում)։
Հիմնադրման թվականը հայտնի չէ։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Xդ. սկգբին, որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր։ X-XIդդ. պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIIIդդ.՝ Զաքարյաններին։ XIVդ. վերջից անտերունչ մնացած Տավուշը աստիճանաբար ավերվել ու քայքայվել է։ Տավուշը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից։ Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ), լեզվականման տարածքը։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիս-արևմտյան մասերում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդը հյուսիսային կողմում շարունակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք։ Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահպանվել են)։
 

Սրվեղի վանք


Սրվեղի վանքը (XIIIդ.) գտնվում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3կմ հարավ, Խաչի Տակ կոչվող վայրում։ Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է՝ կառուցված թրծած աղյուսով։ Ունի շեշտված վերձիգ համաչափություններով, սրածայր վեղարով գմբեթ, որի հետ, ըստ ժողովրդական ստուգաբանության, կապվում է Սրվեղ անվանումը: Սրվեղի վանքը մի շարք անգամ ենթարկվել է նորոգումների։ Պատերում, հատկապես ստորին մասերում աղյուսե շարվածքի մեջ դրված են խաչքարերի կտորներ։
Շուրջը միջնադարյան գերեզմանոց է։ Հյուսիսային կողմում գտնվում են XIXդ. միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր։ Տարածքում պահպանվել են բնակելի և տնտեսական շինությունների, պարսպապատերի հետքեր։

Ջուխտակ վանք

Ջուխտակ վանք, հայկական վանք է ՀՀ Տավուշի մարզում։ Գտնվում է 3 կմ հյուսիս-արևմուտք Դիլիջանից, անտառաատ լանջին, երկու գետակների միջև ընկած՝ Լոռին Ղազախից բաժանող կաղնու և հաճարի անտառներով ծածկված Խալ-Խալլու լեռան հարավային փեշին։ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում. Բլդան գետի հովտում, անտառապատ գեղեցիկ վայրում։: Վանքի աչ ու ձախ կողմերով միալար վշշում են սարերից իջնող գետակները, իսկ քիչ հեռու գտնվում է հանրահռչակ «Դիլիջան» հանքային ջրերի գործարանը։ Վանքից ներքև, գետակներից մեկը թափվում է կարմրագույն գրանիտի մեծ սալի վրա։ Հազարամյակների ընթացքում ջուրը այդ սալի մեջ փոս է առաջացրել։Բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից: Ջուխտակ վանքը հիմնադրվել է 12-13 դարերում: Բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից և շուրջը տարածված գերեզմանոցից։ Աոաջինը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՝ կառուցվել է 12 դ։ Գմբեթավոր է։ Մյուսը` Ս. Աստվածածինն է, որը կառուցվել է 1201 թ, վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ, ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ։ Վերջինս միանավ, թաղակապ, երկթեք տանիքով դահլիճ է։ Օգտագործված են դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարեր։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր։ Նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր։ Համալիրի շուրջը կան գերեզմաններ։ 1973-77 թ վանքի համալիրը վերականգնվել և նախկին տեսքին է բերվել։ Հ. Ոսկյանը («Արցախի վանքեր», էջ 214) սխալմամբ այս վանքի հետ է նույնացնում Սյունիքի Ճահուկ գավառի Օծոփի Ս. Աստվածածին վանքը։


Հուշարձանների պատերին փորագրված արձանագրություններում հիշատակվում են Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1201 թ., վանքի վանահայր Հայրապետի ջանքերով։ Շարված է սրբատաշ դեղնավուն քարերով, քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանի֊քով (8,6X6,4 մ) շինություն է։ Կիսակլոր ճակատակալ քարի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը. «1201 թվին հայոց ամիրայության Լաշայի և տերության... խանին... ես Հայրապետ, առաջնորդ սուրբ ուխտիս, որ կոչվում է Պետրոսի վանք, շինեցի սուրբ Աստվածածին և հույսով կարգեցի, որ ճրագլուցին երկու խորաններում ինձ համար պատարագ կատարեցին նաև մեկն իմ եղբայր Շմավոնին, իսկ բոլոր եկեղեցիներում իմ ծնողների համար»: Եկեղեցու պատերին կան նաև նվիրատվական մի քանի այլ արձանագրություններ։ Ս. Գրիգոր եկեղեցին կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7X7,5 մ)շինություն է։ Գտնվում է Աստվածածին եկեղեցուց 20 մ արևելք։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ ս. Գրիգորը ավելի վաղ է կառուցվել քան Աստվածածինը։ 1975 - 1979 թթ. Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության միջոցներով իրականացվել են հուշարձանախմբի վերանորոգ¬ման և շրջապատի բարեկարգման աշխատանքները։

Շխմուրադի եկեղեցի

Ծաղկավան գյուղի մոտ է Շխմուրադի վանքային համալիրը (XII-XIIIդդ.)՝ կազմված եկեղեցուց, մատուռից և երկու գավթից։
Եկեղեցին (1181թ.) կառուցված է սպիտակագույն ֆելզիտից, լավ է պահպանված և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթով։ Ուղղանկյուն ավանդատների մուտքը բեմից է։ Արևելյան ճակատը մշակված է զույգ խորշերով։ Համալիրի հարավ-արևելքում կիսավեր, միանավ մատուռն է: Վանքի գավիթները եկեղեցու հարավային և արևմտյան կողմերում են։ Արևմտյան գավիթը քառակուսի հատակագծով դահլիճ է, մեկ զույգ ութանիստ մույթով, որոնցից դեպի եկեղեցու ճակատի որմնամույթերը ձգվող կամարների վրա բարձրանում է երդիկով ավարտվող կենտրոնական հատվածը։
Գյուղի տարածքում պահպանվել են նաև ամրոցների ավերակներ, գյուղատեղիներ, գերեզմանոցներ։

Նոր Վարագավանք

Վարագավան գյուղից մոտ 2կմ հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին է գտնվում Նոր Վարագավանք միջնադարյան վանքային համալիրը:
Այն հիմնադրել է Նոր Բերդի Դավիթ իշխանը 1193-1198թթ.-ին՝ կառուցելով վանքի հնագույն՝ Անապատ եկեղեցին և տոհմական տապանատունը: Դեղնագույն սրբատաշ քարից շինված եկեղեցին թաղածածկ դահլիճ է և պատկանում է հայկական երկաբսիդ եկեղեցիների հազվադեպ տիպին (Հայաստանում մեզ հայտնի մյուս օրինակներն են Սանահինի Ս. Հարություն և Հերհերի Ս.Սիոն XIIIդ. եկեղեցիները): Ուշագրավ է շքամուտքը՝ զարդարված դռան երկու կողմերում քանդակված խաչքարերով: Անապատ եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ տապանատունը, հարավից՝ միանավ փոքր մատուռը, իսկ արևմուտքից՝ գավիթը (ծածկը և հարավային պատը չեն պահպանվել):
Վանքի հյուսիսային կողմում կանգուն է Ս.Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Դավիթ իշխանի որդի Վասակ Բ, 1224-1237թթ.-ին: Ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գլանաձև բարձր թմբուկով գմբեթով եկեղեցու բեմի աբսիդը լուսավորվում է զույգ լուսամուտով: Մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից: Վերջինը շքեղ է, հարդարված խճանկար հիշեցնող մուգ մանուշակագույն և բաց կապույտ աստղաձև, շեղանկյուն և վեցանկյուն եզրագիծ ունեցող, կենդանակերպ ու բուսական չկրկնվող քանդակազարդ քարերով:
Եկեղեցուն արևմուտքից կից է 1237-1261թթ.-ին վանքի վանահայր Հովհաննես Տուեցու կառուցած խոշոր, ուղղանկյուն գավիթը, որի ծածկը ամբողջովին քանդված է:
Համալիրի պարսպից 200մ հյուսիս միաբանության գերեզմանոցն է՝ փոքրիկ մատուռով: Վանքը ունեցել է ջրմուղ (ըստ արձանագրության կառուցել է ոմն Շառա, 1253թ.-ին): Սկզբում Անապատ կոչվող մենաստանը XIIIդ. վերանվանվել է Նոր Վարագավանք, երբ Վասպուրականի Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալեդդինի հրոսակներից հալածված, վերցնելով հռչակավոր «Սուրբ Նշանը»՝ 1237թ.-ին տեղափոխվել է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության այս հոգևոր կենտրոնը:

Մշկավանք

Մշկավանք (Մշակավանք) XIII դարի հայկական վանքային համալիրը գտնվում է Տավուշի մարզի Կողբ գյուղի մոտ, անտառապատ բարձրադիր սարահարթի վրա։
Պահպանվել են Ս.Աստվածածին եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը։ Կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Մշկավանքի եկեղեցին 1219թ.-ին հիշատակվում է իբրև կանգուն շինություն։ Եկեղեցին հատակագծում քառակուսի միանավ դահլիճ է, ծածկված կիսագլանային թաղով։ Կիսաշրջանագծային աբսիդին երկու կողմից կից են երկհարկ նեղ ավանդատներ։ Արևելյան ճակատում, աբսիդի պատուհանից վերև, ոճավորված խաչ է, որի վերին թևում պատկերված է ցուլի գլուխ։ Միակ՝ արևմտյան մուտքը բացվում է դեպի գավիթ։ Գավիթը արևմուտքից երկարացված է լրացուցիչ տարածությամբ (ինչպես Հաղպատի, Գանձասարի գավիթներում)։ Վերջինս գավթի քառակուսի մասից բաժանված է կլոր հատվածքի զույգ զանգվածեղ սյուներով։ Մուտքը արևմուտքից է և երիզված է բազմագույն ձևավոր քարերով զարդարված շրջանակով։
Մշկավանքի համալիրը հարուստ է խաչքարերով և վիմական արձանագրո

ւթյուններով։
Վերականգնվել է 1955-1960թթ.-ին։

Մակարավանք վանքային համալիր



Մակարավանք միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։
Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205թ.-ին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք ունի` կառուցված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով (հյուսիս-արևմտյան խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան)։ Հարավային և արևելյան ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով (հյուսիսային պատի խորշերը ծածկվել են ավելի ուշ կառուցված գավթի ծավալով), գմբեթի (ծածկը քանդված է) կլոր թմբուկը զարդարված է զույգ կիսասյուների դեկորատիվ կամարաշարով։ Արևմտյան դուռն ունի ճոխ զարդաձևերով շքամուտք, որի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է։ Գրեթե նույն ձևավորումն ունի գավթի մեջ բացվող հյուսիսային շքամուտքը։ Եկեղեցու հարավային պատի լուսամուտի տակ` ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ։ Եկեղեցու լուսավոր և ընդարձակ ներսակողմում խիստ տպավորիչ է ու լուծումով ինքնատիպ խորանի հարդարանքը։ Աբսիդի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով` միմյանցից բաժանված կամարակապ զույգ որմնասյուներով։ Բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով` երիզված հյուսկեն զարդերով կիսագլանաձև լայն շրջանակով։ Ուշագրավ է ութանկյուն աստղերի մշակումը։ Այստեղ հանդիպում են հուշկապարիկների, կենդանական և բուսական չկրկնվող զարդամոտիվներով հյուսկեն քանդակներ, աստվածաշնչյան թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն։ Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով զուգահեռներ չունեն միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի (և, անշուշտ, քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը` «Երիտասարդ»։
Մակարավանքի երկրորդ` հնագույն եկեղեցին (X-XI դդ.) համալիրի հյուսիս-արևելքում է։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից շեշտված խաչաձև (բավական խոր թևերով) շինությունը հիմնականում կառուցված է կիսամշակ կարմրավուն տուֆի խոշոր քարերով, իսկ XIIIդ. վերակառուցված ծածկը և գմբեթը` նույն տուֆի սրբատաշ քարերով։ Հարդարանքի հիմնական տարրը բեմի ճակատի բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներն են, որոնք ներառված են շեղանկյուն շրջանակների մեջ` հավանաբար սա նախօրինակ է ծառայել գլխավոր եկեղեցու բեմի զարդաքանդակների համար։
Մակարավանքի գավիթը (1207թ.), որ արևելքից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հարավից` գլխավորին, գրեթե քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի, կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Արևմտյան շքամուտքի վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող դինամիկ բարձրաքանդակներ։ Առանձնապես հարուստ է գավթի ներսի հարդարանքը։ Գմբեթի հիմքի սալերին կան գավթի շինարար վարպետների անունների սկզբնատառերը։
Գավթի և համալիրի հնագույն եկեղեցու հյուսիս-արևելյան անկյունում պահպանվել են ուղղանկյուն հատակագծով, սպիտակավուն քարով շինված նշխարատան (XIIIդ.) պատերը։
Համալիրի արևելյան մասում կանգուն է վարդագույն և կարմրավուն անդեզիտի սրբատաշ խոշոր քարերով շինված, ներքուստ խաչաձև (եռաբսիդ, արևմուտքում ուղղանկյուն թևով), արտաքուստ ութանիստ (գետնախարիսխը շրջանաձև է) կենտրոնագմբեթ հորինվածքով Ս.Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Մակարավանքի առաջնորդ Հովհաննեսը` 1198թ.-ին։ Լուսամուտների պսակներն ու խորշերի հովհարաձև մշակված կիսակոնաձև գագաթներն ընդգրկող գոտու վրա կան թռչունների, առյուծների, վարդյակների, արծվի և վիշապի մենամարտ պատկերող հարթաքանդակներ։ Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ, կիսավեր, թաղածածկ մատուռ։
Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Ախթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։

Հաղարծին վանքային համալիր

Հաղարծին վանքային համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում (այժմյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս)։
Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIIIդ. առաջատար մշակութային օջախների շարքում (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս Օրբելյան)։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական թվականներից` Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ ամայացած էր։
Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն։ Ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է, չորս անկյուններին ավանդատներով (արևելյան երկուսը առանձնացված չեն աղոթասրահից)։ Ս.Գրիգորին արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի սխեմատիզմը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանա-դամբանների մնացորդներ: Ս.Գրիգորին հյուսիսից կից է թաղակապ մատուռ, իսկ արևելյան մասում շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից 1244թ.-ին կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին:
Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն։ Ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է, չորս անկյուններին ավանդատներով (արևելյան երկուսը առանձնացված չեն աղոթասրահից)։ Ս.Գրիգորին արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի սխեմատիզմը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանա-դամբանների մնացորդներ: Ս.Գրիգորին հյուսիսից կից է թաղակապ մատուռ, իսկ արևելյան մասում շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից 1244թ.-ին կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին:
Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը, գմբեթավոր դահլիճ է: Համաձայն հարավային մուտքի վերին մասի արձանագրության, կառուցվել է 1281թ.-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից և այլն, ենթադրել են տալիս, որ 1281թ.-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է` հիմնարկված լինելով հավանաբար X-XIդդ.: Եկեղեցու վերձիգ ծավալային համամասնությունները և մշակվածքը բնորոշ են XIIIդ. կառույցներին: Եկեղեցու արևմտյան ճակատի դիմաց պահպանվել է ավերված կառույցի (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդները:
Արևմտյան մասում է սեղանատունը, որն ըստ հարավ-արևմտյան մուտքի շրջակալի շինարարական արձանագրության կառուցվել է 1248թ.-ին: Հայաստանում նմանօրինակ երկու պահպանված կառույցներից մեկն է (մյուսը` Հաղպատում): Հորինվածքով երկարավուն դահլիճ է: Ներսում փոխհատվող կամարների խաղն ու զուսպ սլացքը, երդիկներից սփռվող մեղմ լուսավորությունը ստեղծում են իր պարզության մեջ վեհաշուք ամբողջական կերպար: Այստեղ կառուցվածքային տարրերն ու սկզբունքն իրենք հիմնական արտահայտչամիջոցն են: Ներքին պարագծով ընթացող աստիճան-ցոկոլը, որը ներդաշնակվում է երկայնական պատերի վերևում արված քիվագոտուն, ծառայել է որպես նստարան: Արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում արձանագրված է «Մինաս», իսկ որմնաքարին` բազմիցս հանդիպող «Մ» տառը հավանաբար կառուցող ճարտարապետի անունն է: Հաղարծինի սեղանատունը ճարտարագիտական լուծումով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է: Սեղանատան արևելյան մասում պահպանվել են այլ շինությունների (հավանաբար խոհանոցի, հացատան և այլն) ավերակներ:
Վանքի տարածքում կան մի քանի աղոթարաններ` տեղադրված ժայռալանջերին: Հաղարծինում գտնված 350կգ կշռող բրոնզե կաթսան մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է: Կաթսայի պսակազարդ շուրթի վրայի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը` 1232թ.: Նրա չորս կանթերը առյուծների արձաններ են, որոնց ոտքերը նույնպես զարդարված են:



Կիրանցի վանքային համալիր

Կիրանց (մինչև 1967թ.-ը` Գետաշեն) գյուղը գտնվում է Տավուշի մարզում` Ւջևանից 18կմ հյուսիս։ Հիշատակվում է VII դարից` Կանեն անունով։ Կիրանցից արևմուտք գտնվում է Կիրանցի վանքային համալիրը (XIIIդ.)` բաղկացած աղյուսաշեն, սրբատաշ քարե մանրամասներով երեք եկեղեցուց, սրահ-գավիթներից, սեղանատնից, հարավից` բնակելի և տնտեսական

շենքերից, կամարակապ մեծ դարպասով պարսպից։
Գլխավոր եկեղեցին մեկ զույգ մույթով գմբեթավոր շենք է, որի ութանիստ թմբուկով գմբեթը կրում են մույթերի ու բեմի աբսիդի անկյունների միջև ձգվող կամարները։ Աբսիդի երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներ են։ Արևելյան ճակատը մշակված է զույգ եռանկյունաձև խորշերով։ Մուտքերի բացվածքների եզրերը, շարված սրբատաշ քարից, ծածկված են բուսական ու երկրաչափական զարդաքանդակներով։ Գմբեթի վերձիգ թմբուկի զարդագոտիները կազմված են աստղեր ու լուսին պատկերող բազմագույն ջնարակած սալիկներից։ Գլխավոր եկեղեցուն հյուսիսից և հարավից կից են մյուս երկու, միանավ դահլիճ տիպի եկեղեցիները։ Սեղանատունը, կառուցված անմշակ և կիսամշակված ավազաքարից, գետաքարից, երեք թաղակիր կամարներով մեծ թաղածածկ դահլիճ է և հանդիսանում է միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից մեկը։ Գլխավոր եկեղեցու և սեղանատան ներսը որմնանկարազարդ են, որոնց մակագրությունները վկայում են վանքի պատկանելությունը հայ քաղկեդոնականներին։

Կապտավանք

Կապտավանքը գտնվում է Տավուշի մարզի Չինչին գյուղից հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին:
Այն ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով, գմբեթավոր հորինվածք ունի: Մուտքերը հարավից և արևմուտքից են: Կառուցված է կոպիտ տաշված ֆելզիտից: Գմբեթի թմբուկի վերին շարքի և քիվի վրա որպես զարդաքանդակ փորագրված են խաչեր:
Չինչին գյուղի շրջակայքում պահպանվել են խաչքարեր (XIII-XVIIդդ.), գյուղատեղիներ, եկեղեցիներ, գերեզմանոցներ (XIII-XVIIդդ.), քարայրեր, ամրոց:

Դեղձնուտի վանք

Միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից է։ Գտնվում է Խնձորկուտ գետակի ձորում` անտառի մեջ։ Հիմնադրել է Առաքել վարդապետը` Կիլիկիայի Տարսոն քաղաքից, որի բեկորոտված տապանաքարը պահպանվել է համալիրի գավթում (1292 թ.)։
Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, մատուռից։ Շուրջը գերեզմանոց է և համանուն գյուղատեղիի ավերակները։


Եկեղեցին հորինվածքով գմբեթավոր դահլիճ է, որի արևելյան որմնամույթերը համընկնում են արևելքում կազմակերպված խորանի կողերին։ Վերջինիս երկու կողմերում երկհարկ ավանդատներն են. մուտքը երկրորդ հարկ կազմակերպված է բեմից։ Եկեղեցին ուշագրավ է հարուստ արտաքին հարդարանքով և որմնակամարաշարով մշակված պատերով։ Շինանյութը սրբատաշ մուգ վարդագույն տուֆն է։ Որոշ ուսումնասիրողներ Դեղձնուտի գլխավոր եկեղեցու կառուցումը վերագրում են 8-րդ դարին և այն նույնացնում են հին Տաղձանք վանքի հետ։
Նույն քարով է կառուցված նաև քառակուսի հատակագծով գավիթը։ Այն կենտրոնակազմ հորինվածքով շինություն է` խաչվող կամար-ներին հանգչող ծածկով, ինչը խիստ բնորոշ է ժամանակաշրջանի համանման կառույցներին։ Գավթի պատերին պահպանվել են 13 դ. արված նվիրատվական արձանագրություններ։ Դրանց ընթերցումից պարզ է դառնում, որ գավթի շինարարությունը տևել է 16-17 տարի` 1258-1274 թթ.։
Գավթի ներսում պահպանված են կոտրված արձանագիր թվակիր խաչքարեր, որոնցից մեկը կազմվել է Պետրոս և Քաղաք վարպետների կողմից և պատմում է վանքի հիմնադրման հանգամանքների մասին։

Տեքստի խմբագրումը` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի։

Գոշավանք (Նոր Գետիկ) վանքային համալիր


Տավուշի մարզի Գոշ գյուղում, Գետիկ գետի վտակի ափին, գտնվում է XII-XIIIդդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը` Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։
Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր օրենսդիր, դավանաբան Մխիթար Գոշը` անվանելով Նոր Գետիկ։ Գոշի մահվանից հետո (1213թ.) նրա անվամբ կոչվել է Գոշավանք։
Գոշավանքը պատմական աղբյուրներում անվանվել է` վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Ուսուցվել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդները։ Այստեղ պահվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, գյուղեր, վարելահողեր, անտառներ, ամառանոցներ։
Համալիրի կազմում պահպանվել են Ս.Աստվածածին, Ս.Գրիգոր եկեղեցիները, գավիթը, Գ.Լուսավորիչ և երկու փոքրաչափ այլ մատուռները, երկհարկանի գրատուն-զանգակատունը, ժամատան ավերակներ, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր։ Շինությունների մեծ մասը (Ս.Աստվածածինը, գավիթը, Ս.Հռիփսիմե մատուռը և այլն), ըստ արձանագրությունների և Կիրակոս Գանձակեցու վկայության, կառուցել է «Հյուսն» մականունով Մխիթար վարպետը։
Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը (1191-1196թթ.), գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է, արևելքից երկու կրկնահարկ խորաններով, արևմուտքից և հյուսիսից` մուտքերով։ Արևելյան և հարավային պատերը մշակված են «հայկական խորշերով» (եռանկյունաձև կտրվածքի), հաստաբուն թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով։
Գավիթը (1197-1203թթ.) չորս սյուներով կենտրոնակազմ գավիթների հիմնական տիպին է պատկանում։ Արևելյան երկու անկյուններին ունի երկհարկանի խորաններ։ Գոշավանքի գավիթը ձևով և կառուցվածքային տարրերով, Սանահինից հետո, նշանավորում է իր տիպի զարգացման հաջորդ քայլը` նախապատրաստելով Հաղարծնի և Կեչառիսի նույնատիպ կառույցները։
Ս.Աստվածածնից հարավ, շատ մոտ կանգնած է նույնատիպ, բայց ավելի փոքր չափերի Ս.Գրիգոր եկեղեցին (ավարտվել է 1231թ.-ին), որի գմբեթը չի պահպանվել։ Գավթի հարավային պատին գրեթե կից է Ս.Գրիգոր Լուսավորիչ թաղածածկ դահլիճ-եկեղեցին (1237-1241թթ.), որը, չնայած փոքր չափերին, իր դեկորատիվ հարուստ հարդարանքով աչքի է ընկնում ընդհանուր առմամբ զուսպ մշակված համալիրի կառույցների շարքում։ Այստեղ դեկորատիվ որմնասյունակամարաշարը, որ քողարկում է կառույցի պարզագույն ծավալը, ինքնանպատակ զարդապատում չէ, այլ կերպար և ճարտարապետական նոր բովանդակություն ստեղծող արտահայտչամիջոց։ Իր հարդարանքով այս եկեղեցին միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստի աչքի ընկնող կոթողներից է։
Գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից է երկհարկանի գրատուն-զանգակատունը։ Չտաշված մեծաչափ քարերով, փայտակերտ «վերնահարկերով» գրատունը և արևմուտքից նրա հետ ընդհանուր դռնով միջանցիկ ժամատունը, ըստ Կիրակոս Գանձակեցու, կառուցվել է Մարտիրոս վանահոր օրոք, մինչև 1241թ.-ը։ Հետագայում գրատան վրա կառուցվել է երկրորդ հարկը (1291թ., ճարտարապետներ` Գրիգոր և Զաքիոս), որը խորանանման փոքր աղոթարաններով կառույց է։ Մուտքը արևմուտքից է, ուր բարձրանում էին երկու կողմից` անկյուն կազմող բարձակային քարե աստիճաններով։ Ժամատունը հավանականորեն եղել է նաև գրչության սրահ, որտեղ ձեռագրեր են ստեղծվել։
Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում գերեզմաններն ու խաչքարերը, որոնց թվում Պողոս վարպետի երեք «ասեղնագործ» խաչքարերը (Ս.Գրիգոր Լուսավորիչ մատուռի արևմտյան ճակատի մոտ տեղադրված երկու խաչքարերից մեկը 1935թ.-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան)։ Ըստ արձանագրության, խաչքարերից մեկը (տեղում կանգնած) ստեղծվել է 1291թ.-ին։
Վանքից ոչ հեռու, գյուղի հարավային մասում կան կառույցներ` Ս.Գևորգ գմբեթավոր փոքր եկեղեցին (1254թ.), Մխիթար Գոշի բնակարանի մնացորդները, նրա դամբարանը։
* * *
Ըստ ավանդույթի, երազում Մխիթար Գոշի մոտ է գալիս Աստվածը և ասում է. «Լսի´ր ուշադիր, Մխիթա´ր. յոթ տարին շարունակ լինելու են բերքառատ, որոնց ընթացքում անհրաժեշտ է ամբարվել, քանի որ հաջորդ յոթ տարին լինելու է երաշտ»: Լսելով Աստծուն` Մխիթարը վանքի միջոցներով ամբարներ սարքեց և ամբողջությամբ լցրեց ցորենով: Երբ հասավ օրհասական պահը, նա պատրաստեց մի աման` «գուշ», և այդ ամանով սկսեց բաշխել ժողովրդին հացահատիկը: Դրա համար, նա ժողովրդի կողմից ստացավ «Գուշ» կամ «Գոշ» մականունը:

Բերդավանի ամրոց

Բերդավանը սահմանամերձ գյուղ է Հայաստանի Հանրապետության Հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում, նախկին Նոյեմբերյանի շրջանում, Կողբ գետի ափին։ Գյուղը պատերազմական իրավիճակում ամենատանկավտանգ ուղղությունն է‌։ Մինչև 1978-ի հունվարի 25-ը կոչվել է Ղալաչա։
Բերդավանը հայտնի է իր նշանավոր մարդկանցով, որոնցից են Սոցիալիստական Աշխատանքի հերոս Սամսոն Դաղբաշյանը, ակադեմիկոս Վարդան Գուլքանյանը, բազմաթիվ բժիշկներ, դատախազներ, մանկավարժներ ու այլ նշանավոր անձիք։ Բերդավանի միջնակարգ դպրոցը միայն 2004 և 2005 թվականներին տվել է ութ ոսկե մեդալակիներ‌:
Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար ամրոցը, կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում։

Աղջկաբերդ

Աղջկաբերդ (երբեմն՝ Աղջկա բերդԿըզ Կալա), ռազմական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին, որը բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով, մուտքի ներսում` փոքրիկ պահակատուն։
Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, կան երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի։ Ջրամբարներից մեկը շատ մեծ է։ Ջուրը թրծված կավե խողովակով նախ լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից մի այլ խողովակով թափվել մեծ ջրամբարը։ Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով։ Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ է պահպանվել նրա ամբողջականությունը։ Ամրոցի և ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մի ավանդություն է մնացել։ Ասում են, եղել է մի գեղեցիկ աղջիկ, որն ունեցել է իր զորքը։ Շատ իշխաններ հրապուրվելով նրա գեղեցկությամբ ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են գրգռում իշխան Մանթաշին և Կըզ-Կալայի դիմաց կառուցում է Մանթաշ-Կալան և հաճախակի հարձակումներ գործում Կըզ-Կալայի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը։ Մի անգամ էլ նա զորքը ուղարկում է Մանթաշ-Կալայի վրա։ Կռվում նորից հաղթում է աղջկա զորքը։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը։

Աղավնավանքի Անապատ Սուրբ Աստվածածին եկեղեցի


 Վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղից 2.5 կմ հյուսիս-արևելքձորի մեջգետակի աջ ափին, «Աղնաբադ» անտառամասումինչիպատճառով  էլ հանդիպում է նաև Աղնաբադի վանք անվամբԱյն կառուցվել է XI-XII-րդ դդ.:

Եկեղեցին փոքրաչափ կենտրոնագմբեթ կառույց էզույգ ավանդատներով:Կառուցված է դեղնավունսրբատաշ չեչաքարովՈրմնասյուները միացնողկամարներն իրենց վրա պահում են գմբեթըորն ավարտվում է սրածայր վեղարով:Արևելյան ճակատին փորված են երկու եռանկյունաձև խորշերԳմբեթի վեղարը ևեկեղեցու տանիքը ծածկված են եղել սրբատաշ քարերովորոնցից մի քանիսն ենպահպանվել տանիքինիսկ վեղարը ամբողջապես մերկացել էԹափվել են նաևքիվի ձևավոր քարերը:
Հուշարձանից դեպի հարավ պահպանվել են բազմաթիվ կառույցներիմնացորդներորոնքհավանաբարեկեղեցու միաբանության բնակելի ևտնտեսական շինություններն ենԵկեղեցու վիմագրությունն աղքատիկ է:Ավանդատների արևմտյան ճակատներին փորագրությունների հետքեր կանորոնցտառաձևերը բնորոշ են XII-XIII դդվիմագրական արվեստին:

Մաթոսավանք



Մաթոսավանքը գտնվում է Դիլիջանի անտառներում` Բլդան գետի աջափնյա սարահարթի վրա:
Համալիրը բաղկացած է միմյանց կից երեք շենքերից. փոքր եկեղեցի, գավիթ և հարավից հարող գրատուն: Վանքից հարավ-արևելք տարածվում է միջնադարյան գերեզմանոց:
Համաձայն արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1247 թ.-ին: Եկեղեցու հյուսիսային պատի տակ կանգնած է հարուստ հարդարանքով խաչքար` 1251 թ.-ի արձանագրությամբ:
Եկեղեցու ներսի պատերին կան բազմաթիվ բարձրաոճ խաչքարեր:

Առաքելոց վանք

Միջնադարյան Առաքելոց վանքը կառուցված է եղել Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից 3կմ արևմուտք, Կիրանց գետակի ձախափնյա բլրակի վրա։ Բարձր բրգավոր ու հաստ պարիսպներով շրջապատված վանքը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, բնակելի և օժանդակ շենքերից։ Գլխավոր եկեղեցին (XIIIդ.) պատկանում է «գմբեթավոր սրահ» կոչվող կառուցվածքների շարքին։ Դռան վրա կա 1245 թվակիր արձանագրություն։ Փոքր եկեղեցին (XIVդ.) քառանկյուն հատակագծով, միանավ բազիլիկ տիպի շինություն է։ Արժեքավոր է Ս.Կարապետ կոչվող բարդ հորինվածքի զարդաքանդակներով դրվագված խաչքարը։