пятница, 23 августа 2013 г.

Կարմրավոր եկեղեցի


Ս.Կարմրավոր եկեղեցին գտնվում է Աշտարակի հյուսիս-արևելյան բարձրադիր մասում։ Կառուցվել է VIIդ.։
Այն խաչաձև գմբեթավոր փոքր կառույցներին բնորոշ և անաղարտ պահպանված նմուշներից է։ Այս տիպը Հայաստանում զարգացած է եղել դեռևս Vդ. և ունեցել բազմաթիվ օրինակներ։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Հարավային, արևելյան, հյուսիսային որմերը երիզված են մեկտողանոց շինարարական արձանագրությամբ։ Ներսում պահպանվել են որմնանկարների մնացորդներ։ Վարպետորեն ընտրված համաչափությունների շնորհիվ ներդաշնակված ծավալներով կառույցը թողնում է միաձույլ արձանի տպավորություն։ Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268թ.):
Հնում Կարմրավորը կուսանաց վանք է եղել: Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ: Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-99թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը:
Այստեղ է գտնվում է նաև հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը:

Տեղեր (Դղեր) վանքային համալիր


Տեղերի (Դղերի) վանքային համալիրը (XIIIդ.) գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում: Համալիրի կազմում են գմբեթավոր եկեղեցին և գավիթը։
Տեղերի վանքի մասին պատմիչները չեն հիշատակում։ Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ճարտարապետն է եղել Աղբայրիկ վարդապետը։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից (1213-1232թթ.), առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232թ-ին)։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։ Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում զգալի տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ։
* * *
Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դղեր - Դեղեր: Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինությունը, որտեղ ապաքինվում էին հայ փառապանծ մարտիկները:

Ներսեհ Կամսարական եկեղեցի

Ներսեհ Կամսարականի եկեղեցին գտնվում է Թալինի հյուսիսային եզրին, Կաթողիկե եկեղեցուց ոչ հեռու:
Ըստ արևմտյան պատի արձանագրության կոչվում է Ս.Աստվածածին, և VIIդ. կառուցել է Ներսեհ Պատրիկ Կամսարականը: Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից: Սրբատաշ, կարմրավուն տուֆից կառուցված եկեղեցու զուսպ հարդարանքից աչքի է ընկնում երկշարք, ատամնաշար քիվը:

Ս. Մարինե եկեղեցի

Մարինե եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքի հյուսիս-արևելքում։
Կառուցվել է 1281թ-ին, դարչնագույն սրբատաշ տուֆից։ Մարինե եկեղեցին ունի շեշտված վերձիգ համաչափություններ, ճակատների միանման, պարզ մշակում։ Հարդարանքից ուշագրավ են պատուհանների կիսագլանային հատվածքի քառանկյուն պարակալները՝ խաչաձև դասավորված եռաթև հավելումներով։ Հարավային խաչաթևի կտուրի զանգաշտարակը կառուցվել է 1838թ.-ին։
Շուրջը պահպանվել են խոշոր, անմշակ բազալտից պարսպի մնացորդներ։

Կարբի գյուղի պատմական հուշարձաններ

Արագածոտնի մարզում, Քասաղ գետի աջ ափին գտնվող Կարբի գյուղը հիշատակվում է XIII դարից։
Այրարատի Արագածոտն գավառի մի մասը Կարբիի անունով հաճախ կոչվել է «Կարբո երկիր», «Կարբո գավառ»։ XIIIդ. վերջերին, Լենկթեմուրի արշավանքների պատճառով, Կարբիի զարգացումը կասեցվել է։ XVIIդ. 1-ին կեսին այն բազմիցս տուժեց թուրք-իրանական պատերազմներից։ Սակայն 1639թ.-ի թուրք-իրանական հաշտությամբ և նրանց միջև առևտրական կապերի ամրացմամբ սկսվել է Կարբիի նոր վերելքը։ 1724թ.-ին կարբեցիները հերոսական դիմադրություն են ցույց տվել օսմանյան բանակին։ XVIIIդ. 2-րդ կեսին այստեղ եղել է փողերանոց, որտեղ վաճառականները, դրամահատման վարձ մուծելով, դրամ են հատել։
Կարբին ունեցել է եկեղեցիներ, մենաստան և կուսանոց։ Կանգուն է 1691-1693թթ-ին սրբատաշ տուֆից կառուցված Ս.Աստվածածին եռանավ բազիլիկը։ Եկեղեցուն արևելքից գրեթե կից է սրբատաշ տուֆից կառուցված երկհարկ եկեղեցի-զանգակատունը (1338թ.)։
Կարբիի միջնադարյան մյուս եկեղեցիներից են՝ Ծիրանավորը, Թուխ Մանուկը, Ս.Կիրակիի կամ Ս.Գևորգը (XI-XIIIդդ.)։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են նաև «Ջարգարենց ժամ» մատուռը, քարայրեր, բերդատեղի։ Կարբիում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին։


Ծիրանավոր եկեղեցի

Աշտարակի այն մասում, որը առաջ անվանվել է ամրոցային, կանգնած է այստեղի ամենահին եկեղեցին` Ծիրանավորը։ Կառուցել է Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսը։

Ծիրանավորը (Ս.Աստվածածին) ուղղանկյուն հատակագծով, պայտաձև խորանով, նրանից աջ ու ձախ երկու ավանդատներով, թաղածածկ եռանավ բազիլիկ է։ Հետագա դարերում հյուսիսային և արևմտյան պատերը կրկնակել են, հարավից ավելացրել հրակնատներ և օգտագործել որպես ամրույթ։ Պահպանվել են որմերը, խորանը՝ սենյակներով և հարավային նավը։ Ներքուստ նշմարելի է արևմտյան զույգ լուսամուտը։ Արևելյան ճակատին կան ատամնաշար քիվի մնացորդներ։
Հին բազիլիկը շրջապատված է եղել պարիսպներով, որոնք շինությանը հաղորդել էին դղյակի տեսք: Գտնվելով Քասաղ գետի ձորի եզրին, այն կատարել է նաև պատշտպանողական կառույցի դեր, այդ պատճառով անվանվել է նաև Փոկաբերդ:
Ծիրանավորի մոտակայքում գտնվում է Սպիտակավոր եկեղեցին (V-VIդդ.):

Դաշտադեմ գյուղի պատմական հուշարձաններ

Արագածոտն մարզի Դաշտադեմ գյուղից մոտ 2կմ հարավ-արևմուտք` պատմական Քաղենի բնակավայրի տարածքում, գտնվում է Ս.Քրիստափորի վանքը:
Այն կազմված է VIIդ. փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցուց, նրանից հյուսիս` քառակուսի հատակագծով եռահարկ դամբարանատուն-զանգակատնից, միաբանության բնակելի շենքերից (այժմ` ավերակ), անմշակ քարերից շինված պարսպից և X-XIVդդ. խաչքարերով հարուստ գերեզմանատնից։ Միակ` արևմտյան շքամուտքը մշակված է VIIդ. բնորոշ, երկու կողմերում զույգ կիսասյունիկներով։ Սև տուֆի մաքուր տաշված քարերից շարված պատերին կան կառուցող վարպետների բազմաթիվ նշաններ։ Եկեղեցին հիմնովին նորոգվել է 1980-ին։
Գյուղի հարավային եզրին գտնվում է Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (VIIդ.): Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174-ին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին` շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։ 1812-ին Երևանի Սարդար Հյուսեին խանը հին ամրոցը շրջապատել է կոպտատաշ բազալտից կավե շաղախով շարված բազմանկյուն հատակագծով, անկյուններում ութ աշտարակներով, չափազանց հաստ պարսպապատերով։ Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է։ Քաղենիի ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի (0,75×1,5մ)` շարված բազալտե սալերից, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը։
Գյուղի տարածքում կան խաչքարերով և հարթ տապանաքարերով գերեզմանատներ, խաչքար-մահարձան (IXդ.): Պահպանվել են նաև 1018թ-ի նվիրատվական արձանագրությամբ Ս.Սարգիս եկեղեցու հիմնապատերը: Դեպի Թալին տանող ճանապարհի եզրին գտնվում են խոշոր իջևանատան ավերակները:


Արտավազիկ եկեղեցի

Բյուրականից 1կմ դեպի հյուսիս-արևելք է գտնվում Արտավազիկ եկեղեցին, որը VII դարի գմբեթավոր խաչաձև կառույց է։
Արևելյան խաչաթևը կիսաշրջանաձև է, մյուսները՝ ուղղանկյուն։ Հյուսիս-արևելյան անկյունում ունի ոչ մեծ ավանդատուն։ Գմբեթատակ քառակուսին տրոմպների միջոցով փոխանցվել է արտաքուստ ութնիստ թմբուկին։ Արևմտյան խաչաթևի տանիքին XIIIդ. ավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատունը։ Մնացած թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են։
Եկեղեցու արևելյան կողմում կանգուն է XIIIդ. կոթող-խաչքարը։

Արուճի վանքային համալիր


Արուճի վանքային համալիրը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում՝ ժայռոտ դուրսցցվածքի վրա (Արագածոտնի մարզ): Այստեղ մ.թ.ա. IIդ-ից հայտնի համանուն բնակավայրում պահպանվել են հնագույն ամրությունների փլատակներ: Գյուղական գերեզմանոցում պահպանվել են Vդ. փոքր միանավ բազիլիկ եկեղեցու փլատակներ և V-VIIդդ. հետաքրքիր տապանաքարեր: Արուճը Vդ. եղել է արքունի զորքերի ձմեռային կայան, իսկ հայոց կառավարիչ Գրիգոր Մամիկոնյանը (661-682թթ.) այն դարձրել է աթոռանիստ։
Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Շինարարական արձանագրության և մատենագրական վկայությունների (Ղևոնդ, Հովհաննես Դրասխանակերտցի, Ստեփանոս Տարոնեցի) համաձայն` այն կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ.։ Տաճարը ներսից սվաղված է և պատած VIIդ. որմնանկարներով (այժմ՝ խիստ վնասված), որոնք ներկայացնում են Համբարձման տեսարանը։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավ-արևելյան կողմում, բացվել է 1948-1951թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։
Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ.) և այլ հուշարձանների ավերակներ։

Օշական

Օշականը (Արագածոտնի մարզ) որպես բերդ առաջին անգամ հիշատակում է պատմիչ Փավստոս Բուզանդը, IVդ. 1-ին կեսի անցքերի կապակցությամբ։
Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում, Օշականը եղել է նրանց սեփականաթյունը։ 336թ.-ին, Մազքթաց Մանեսան թագավորի դեմ կռիվներում ցուցաբերած սխրագործությունների համար, Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակն այն ընծայել է Վահան Ամատունուն։ Ամատունիների նախաձեռնությամբ Օշականում է թաղվել Մեսրոպ Մաշտոցը։ 442թ.-ին նրա գերեզմանի վրա կառուցվել է գմբեթավոր կլոր եկեղեցի։ Վկայություններ կան, որ Մեսրոպ Մաշտոցը Օշականում հիմնադրել է դպրոց։ Իր կառույցներով և բերքառատ այգիներով Օշականը հետագայում էլ եղել է Հայաստանի նշանավոր գյուղերից մեկը։ 1826-1828թթ.-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ հայ աշխարհազորայինները և ռուսական զորքերը գեներալ Ա.Ի.Կրասովսկու գլխավորությամբ Օշականի մոտ արյունահեղ մարտ են մղել Աբբաս-Միրզայի 30հազ. բանակի դեմ:
Օշականի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Քասաղ գետի ձախ ափին գտնվել են խոշոր քարերով շարված մի քանի տասնյակ դամբարանախցեր։ Գյուղի կենտրոնում գտնվող «Դիդի կոնդ» բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։ Բլրի գագաթին պեղվել է մ.թ.ա. VII-Vդդ., 0,25հա տարածքով քառանկյուն ամրոց։ 2,5-2,65մ հաստությամբ արտաքին պատերը շարված են տուֆե խոշոր քարերով, ամրացված կավե շաղախով։ Ամրոցի ներսում (բաժանված է հյուսիսից-հարավ անցնող միջնապատով) կան նկուղային և բնակելի մի շարք շինություններ։ Բլրի հյուսիսային լանջին և ստորոտին մ.թ.ա. VIIդ. հիմնված պալատական 5 համալիրներից ներկայումս պեղված է առաջինը և երկրորդի մի մասը՝ բաղկացած 40 սենյակներից, սրահներից և տաճարներից։
Պեղումների ընթացքում գտնվել են մեծ քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, զարդեր, կուռքերի և այլ 100-ից ավելի արձաններ։
Այս համալիրների փլատակների վրա բացվել է մ.թ.ա. IIIդ. անտիկ դամբարանադաշտ, որը գոյատևել է մինչև IIդ.։ Բլրի արևելյան, հարավային և մասամբ հյուսիսային լանջերին սփռված են երկաթի դարի և ուրարտական 1000-ից ավելի դամբարան, որոնցից պեղվել են շուրջ 70 կրոմլեխներ, քարարկղեր և խոշոր դամբարանախցեր։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ գործիքներ, զենքեր, ոսկե, արծաթե, բրոնզե զարդեր, ագաթե, սարդիոնե ուլունքներ, բազմատեսակ խեցեղեն և փայտե զանազան իրեր։
Բլրի արևմտյան լանջին գտնվում է միջնադարյան դամբարանադաշտը (տապանաքարերի վրա պահպանվել են արձանագրություններ, բարձրաքանդակներ և բազմաթիվ խաչքարեր):
Օշականի կենտրոնում կանգուն է Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որը 443թ.-ին Վահան Ամատունու հիմնադրած եկեղեցու տեղում 1875-79թթ.-ին կառուցել է Գևորգ Դ կաթողիկոսը։ Եկեղեցու խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443թ.). ուղղանկյուն թաղածածկ խուց է, արևելքում խորշով, արևմուտքում բացվածքով, հյուսիսից և հարավից մուտքերով (հյուսիսայինը փակված է, իսկ հարավայինը՝ բացվում է դեպի ավանդատուն)։ Եկեղեցու ներսը 1960-ական թթ. ծածկվել է որմնանկարներով (Հ.Մինասյան)։ Արևելյան կողմից կից է երկհարկ զանգակատունը (1884թ.), այն հայկական ճարտարապետության մեջ բացառիկ է, ինչպես տեղադրությամբ, այնպես էլ գլանաձև ծավալով, մուտքը խորանից է։
Օշականից հյուսիս-արևելք «Մանկանոց» կոչվող վայրում կանգուն է Ս.Սիոն եկեղեցին (VIIդ.)։
Օշականում կանգուն է վաղ միջնադարյան ինքնատիպ կոթող (VI-VIIդդ.), որն ավանդաբար համարվում է Մորիկ կայսեր կամ նրա մոր գերեզմանաքարը:
Գյուղից արևելք, հին գերեզմանատունն է, բարձր պատվանդանների վրա կանգնեցված խաչքարերով։
Օշականում և նրա շուրջը գտնվում են Թադևոս Առաքյալ, Ս.Գրիգոր, Ս.Սարգիս, վիմափոր Ս.Աստվածածին, Թուխ Մանուկ մատուռները (XIIIդ.)։
Օշականից հարավ, Քասաղ գետի վրա, Նահապետ կաթողիկոսի՝ 1706թ-ին կառուցած սրբատաշ կարմիր տուֆից հնգաթռիչք կամուրջն է։
Օշականի մոտ կանգուն է XIXդ. հայկական մեմորիալ արվեստի հազվագյուտ հուշարձաններից մեկը՝ 1827թ.-ին Արևելյան Հայաստանի ազատագրման համար զոհված ռուսական բանակի զինվորների հիշատակին 1833թ.-ին կառուցված կոթողը։
Օշականի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցված է հուշարձան (1962թ.), բացված գրքի նմանվող երկու հուշասալեր են, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հայերեն այբուբենը։

Սաղմոսավանք


Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին է կանգնած Սաղմոսավանքը։ Նրա ներդաշնակ ուրվագիծը հստակորեն առանձնանում է Արագածի փեշերի ֆոնին:
Վանքի գլխավոր`Ս.Սիոն եկեղեցին պատկանում է խաչաձև գմբեթային, բոլոր անկյուններում երկհարկ ավանդատներով կառույցների տիպին: Այն կառուցել է Վաչե Վաչուտյան իշխանը 1215թ.-ին: Սաղմոսավանքի գավիթը կառուցվել է XIIIդ. երկրորդ քառորդում: Շքամուտքերից առավել ճոխ հարդարանքն ունի արևմտյանը:
1255թ-ին Քուրդ Վաչուտյան իշխանի կառուցած գրատունը պատկանում է, իր հորինվածքով յուրօրինակ և նշանակությամբ հազվադեպ, հայկական կառույցների թվին: Նրա արևելյան մասում գտնվում է խորանը, իսկ հարավ-արևելյան անկյունում` երկհարկ ավանդատունը, ինչը բացառիկ երևույթ է նման նշանակության կառույցներում: Գրատնից երկու մուտք է բացվում է. Դեպի գավիթ և Աստվածածին եկեղեցին (1235թ.), ընդորում, այդ եկեղեցի կարելի է մտնել միայն գրատնից: Ենթադրվում է, որ այդ կառույցը նախատեսված է եղել նաև եկեղեցական թանկարժեք սպասքի պահպանման համար: Պատի վրա պատկերված է ծագող արևի և ճառագայթների հարթաքանդակը, իսկ նրան կից կամարի վրա` հրեշտակը և իշխանական զինանշանը. գառանը մագիլող թևատարած արծիվը: Ճարտարապետը օգտագործել է նաև գունային ձևավորում: Որոշ մասերը կարմիր և սև քարերով շարվելուց բացի, ներկվել են նաև սպիտակ, դեղին և կարմիր ներկերով, ինչը շինությանը հաղորդել է շքեղություն:
Վանքի տարածքում, նրան կից գերեզմանոցում, ինչպես նաև, շինությունների ներսում, պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր, դրանց մի մասը` հարուստ զարդաքանդակված խաչքարերի տեսքով: Առավել հետաքրքիր է պատվանդաններով խաչքարերի խումբը:

Մուղնու Ս. Գևորգ վանք

Մուղնի գյուղի հարավային եզրին կանգուն է Ս.Գևորգ վանքը, որը հիմնադրվել է XIVդ. և հիմնովին վերակառուցվել՝ 1661-1669թթ.-ին (ճարտարապետներ՝ Սահակ Հիզանեցի և Մուրադ)։
Վանքի քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցին շինված է մաքուր տաշած սև ու կարմիր տուֆից։ Արևմտյան կողմից կից է եռակամար բաց սրահը, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան ռոտոնդան։ Ընդարձակ և բարձր աղոթասրահը (16,1մ×12,2մ) արևելքում ավարտվում է բեմի կիսաշրջանաձև աբսիդով, որի երկու կողմերում ուղղանկյուն, թաղածածկ ավանդատներ են։ Գմբեթը (5,67մ տրամագծով) բարձրանում է դահլիճի կենտրոնում։ Աբսիդի և դահլիճի հյուսիս-արևելյան անկյան վրա XVIIդ. որմնանկարներ են։
Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմազանությունը՝ սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով։ Արևմտյան մուտքը ուշագրավ է բացառիկ հարուստ և բարձրարվեստ ձևավորումով։ Վանքի ուղղանկյուն հատակագծով, կոպտատաշ բազալտից շարված պարիսպները հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում ունեն շրջանաձև բուրգեր։
Աշխարհիկ շինությունները (XVIIդ.) խմբավորված են համալիրի հյուսիս-արևելյան կողմում։ Բնակելի սենյակները դասավորված են թաղակապ բաց սրահի շուրջը և կից են պարսպին։ Նրանց վրա 1895թ.-ին կառուցված երկրորդ հարկից պահպանվել են միայն քարե աստիճանները։ Արևելյան պարսպին կից են թաղածածկ սեղանատունը, մթերանոցը։ Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում գտնվում է աղբյուրի փոքրիկ շենքը՝ զուգակցված ջրամբարի հետ:

Հովհաննավանք


Օհանավան գյուղում, Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին է կանգնած Հովհաննավանքը։
Նրա ներդաշնակ ուրվագիծը հստակորեն առանձնանում է Արագածի փեշերի ֆոնին: Վանքի գեղեցկությունը ընդգծվում է շրջապատի ռելիեֆի հաջողակ օգտագործմամբ. համեստորեն զարդարված արևելյան պատը սահունորեն շարունակում է քարքարոտ գետահովիտը:
Հովհաննավանքի տեղում գտնվում էր հին եկեղեցի (IVդ.), որի ավերակները մինչ օրս պահպանվել են վանքի տարածքում: Համալիրի հնագույն կառույցը Vդ. կառուցված միանավ բազիլիկն է։ Հյուսիսից բազիլիկին հարում են առաջին քրիստոնյաների եկեղեցու ավերակները (IVդ.), որը ամենայն հավանականությամբ կառուցվել էր հեթանոսական տաճարի փոխարեն:
XIIIդ. իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով միանավ եկեղեցուն կից, հարավային կողմից կառուցվել է վանքի գլխավոր եկեղեցին (1216-21թթ.), իսկ ավելի ուշ, նրա որդի Քուրդ իշխանը, երկու եկեղեցիներին կից, արևմտյան կողմից կառուցել է տվել գավիթ (շինարարությունն ավարտվել է 1250թ-ին)։ Եկեղեցուն արևմտյան կողմից կից է լայնարձակ գավիթը, որի կենտրոնական մասը պսակված է երդիկավոր, 12-նիստանի զանգակատուն-ռոտոնդայով, որի տրամագիծն է 6,5մ և ամենամեծն է Հայաստանի այլ նմանատիպ կառույցների մեջ: Հետաքրքիր և յուրօրինակ է մշակված գավթի հատկապես արևմտյան ճակատը։ Ուշագրավ է նաև եկեղեցու արևմտյան մուտքի հարդարանքը, այն երիզված է ութանկյուն հյուսկեն զարդաքանդակներով, իսկ ճակատակալ քարին, բուսական զարդաքանդակներով ծածկված ամբողջական ֆոնի վրա պատկերված է «Իմաստուն և հիմար կույսերի» առակի բովանդակությունը։
Հովհաննավանքի գրչության կենտրոնը Այրարատյան աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից էր։ XVIդ. վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Հովհաննավանքից մեզ հասած շուրջ 20 ձեռագիր պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Օհանավան գյուղում և շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոց (մ.թ.ա. II-I հազարամյակ), գյուղատեղի, կոթող (VIIդ.), միաբանության բնակելի շենքեր (XVII-XVIIIդդ.), խաչքարերով գերեզմանոցներ (IX-XVIIդդ.)։
* * *
Խորանի աջ կողմում գտնվող ավանդատնից գաղտնուղի է իջնում Քասաղ գետի ձորը: Երբ թշնամին շրջապատել էր գյուղը, բնակչությունը հավաքվեց վանքի բակում և խնդրեց, որ նրան թույլ տան աղոթել մահից առաջ: Բռնակալը համաձայնվեց: Մարդիկ հերթով մտնում էին եկեղեցի և գաղտնուղով դուրս գալիս ձորը, փրկվելով անխուսափելի մահից:
Դարեր անց պապերը իրենց թոռներին պատմում էին մի գեղեցիկ լեգենդ:

Թալինի Կաթողիկե եկեղեցի


Կաթողիկե եկեղեցին գտնվում է Թալինի հյուսիսային եզրամասում, Հայաստանի պատմական Արագածոտն գավառում։
Տաճարի կառուցման վերաբերյալ վիմագրական կամ մատենագրական տեղեկություններ տակավին չեն գտնվել։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։ Մի շարք հատկանիշներից եզրակացվում է, որ կառուցվել է VIIդ.։ Կաթողիկեն պատկանում է «գմբեթավոր բազիլիկ» կառույցների տիպին։ Ավագ խորանի հյուսիսային և հարավային կողմերին են երկու քառակուսի խորաները, որոնց վերին հարկերը գաղտնարաններ են: Կարմիր և սև տուֆից սրբատաշ կառույցը սկզբում ունեցել է կղմինդրյա ծածկ, որը հետագայում փոխարինվել է քարասալերով:
Մեծաչափ կառույցի ներսը օդաշատ է և լուսողող (թմբուկի 12 և ճակատների 29 բարձր, լայն կամարավարտ լուսամուտներից բացի ունի 9 բոլորակ լուսամուտ): Կառուցվածքը, բարեհնչյուն համաչափությունների, ընտրված կոմպոզիցիոն միջոցների շնորհիվ դիտողին համակում է ներդաշնակության, հավասարակշռվածության տրամադրությամբ։ Ի տարբերություն հայկական հոգևոր, V-VIIդդ. ճարտարապետության զուսպ, ներքին խոհեմությամբ լի կերպարների, Թալինի Կաթողիկեն ավելի շքեղ է, աշխարհիկ և պալատական։ Քանդակազարդերը ներկված են եղել սպիտակ և կարմիր (տեղ-տեղ պահպանվել է)։
Հատկապես շքեղորեն, սակայն մեծ նրբանկատությամբ է լուծված արևմտյան ճակատը։ Ներսում քադակները գրեթե բացակայում է, նրան փոխարինել են որմնանկարները (Ավագ խորանում թույլ նշմարելի են Աստվածամոր պատկերը, սրբապատկեր մեդալիոններ և այլն)։ Ներսում պահպանվել են արձանագրություններ՝ աղբյուր բերելու (774), ընծայատվության (1041) և մակագրություն՝ Կաթողիկեն «կենդանագրելու» վերաբերյալ։ Ամբողջ կառույցը իր մասշտաբով իշխում է հարթ տեղավայրում, ուր արևմուտքից երևում է Արտենի լեռը, իսկ հյուսիսից բլուրներ են։ Տաճարի գմբեթը ավերվել է 1840թ-ի երկրաշարժից։ 1947-ից տաճարը մասնակի վերանորոգվել է։
1866-ին Թալինում կառուցվել է Ս.Աստվածածին բազիլիկ եկեղեցին, որի շինարարության մեջ մեծ քանակությամբ օգտագործվել են կիսավեր Կաթողիկեի քանդակազարդ և այլ քարեր։
Կաթողիկեից արևմուտք և հյուսիս ընդարձակ տարածություն է գրավում IV-VII և հետագա դարերի նեկրոպոլիսը, ուր եղել են բազմաթիվ քառակող, պատվանդանավոր կոթողներ՝ բազմազան տարազներով մարդկանց (նաև՝ մերկ, վարազի գլխով), թեմատիկ և այլ բարձրաքանդակներով:
Կաթողիկեի հյուսիսային ճակատից մի քանի մետրի վրա, վերջին մասնակի վերանորոգման (1970-1975), մաքրման աշխատանքների ընթացքում, բացվել են միանավ, արևելքից խորան ունեցող կառույցի (հավանաբար՝ թաղածածկ մատուռ) ավերակներ:
Կաթողիկեից դեպի հյուսիս, 1,5կմ վրա, լեռնանման մի բլուրի (գյուղացիներն անցյալում անվանել են Կյուլեկ-թափա) արևմտյան ավելի բարձր մասում եղել է կիկլոպյան պարսպով շրջապատված, նախաքրիստոնեական ժամանակաշրջանի ամրոց-միջնաբերդ, որի արևելյան մասում բերդը և բերդաքաղաքն էին։ Բլուրի հարավային լանջին պահպանվել են բնակարանների հիմքեր, իսկ հյուսիսային լանջին՝ գերեզմաններ, որոնցից ցած, բլուրի ստորոտին կան բազմաթիվ ձվաձև հատակագծով կրոմլեխներ։
Թալինից Դաշտադեմ (նախկին Ներքին Թալին) տանող ճանապարհի վրա է գտնվում միջնադարյան նշանավոր քարավանատներից մեկը (XII-XIIIդդ.):

Աստվածընկալ տաճար

Երնջատափ գյուղի մոտակայքում (Արագածոտնի մարզ)` Քասաղ գետի առափնյա փոքր բլրի վրա, գտնվում է Աստվածընկալ միջնադարյան վանքային համալիրը։ Համալիրի հնագույն կառույցը (Vդ.) միանավ բազիլիկ եկեղեցին է, որն ունի պայտաձև աղեղներ և ներքին որմնասյուների հնագույն տիպի խարիսխներ ու խոյակներ։ Ծածկը փլված է։
Մյուսը` կաթողիկե մեծ եկեղեցին, արտաքուստ` ուղղանկյուն քառանկյունի, ներսից` խաչաձև, չորս անկյունային ավանդատներով գմբեթակիր կառույց է։ Ընդարձակ գավիթն ունի չորս սյուն և ութ որմնասյուն, որոնց վրա կազմված է տանիքը` ստալակտիտավոր գմբեթով։ Հարավ-արևելյան անջատ սյունին կա արձանագրություն. «Յոհանէս... յիշեցէք....», ենթադրաբար, Հովհաննեսը ճարտարապետն է։ Ըստ կաթողիկեի ներսի 1244 թվակիր արձանագրության` շինությունների մեկենասն է եղել Վաչուտյան Քուրդ իշխանը իր կնոջ Խորիշահի հետ։ Տապանատուն է փոքրիկ մատուռը (XIIIդ.) իր խաչքարով։ Վանքի ավերված պարսպապատով բակում կան XII-XV դդ. տապանաքարեր և խաչքարեր։


Ամբերդ


Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է Xդ. պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7կմ հյուսիս, Արագած լեռան հարավային լանջին: Այն դիրք է գրավում Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2300մ բարձրության վրա։ Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VIIդ., Կամսարականների օրոք։ Xդ. պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ XIդ. 70-ական թթ. սելջուկները գրավեցին այն և դարձրեցին զորակայան։ 1196թ-ին Զաքարե ամիրսպասալարը Ամբերդը ազատագրեց սելջուկներից։ Ամրոցը` որպես սեփականություն, անցավ նրան։ XIIIդ. սկզբին Ամբերդը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236թ-ին մոնղոլները գրավեցին և գրեթե հիմնովին ավերեցին Ամբերդը։ XIIIդ. վերջին Վաչուտյանները վերակառուցեցին ամրոցը։
Պահպանվել են Ամբերդի դղյակի ավերակները, բերդապարիսպը, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։ Բերդն ունեցել է անկանոն եռանկյունու ձև։ Խոցելի հատվածներում եղել են բուրգերով ամրացված պարիսպներ։ Բերդապարիսպի բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, և ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ XIIIդ. վերջին Վաչուտյանները դղյակի հյուսիս-արևմտյան մասում ավելացրել են մի նոր մուտք և թշնամու առաջխաղացումը արգելակելու նպատակով Արխաշանի դարպասից հյուսիս կառուցել պարիսպ, որը կտրում անցնում է բերդն ամբողջ լայնությամբ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1500ք.մ մակերես։ XII-XIIIդդ. հյուսիսային կողմը լրացուցիչ ամրացվել է կիսաբոլոր բուրգերով հագեցված հզոր պարսպով։ Բերդամեջ նայող դղյակի հարավային ճակատի վրա պահպանվել են վերին հարկերի լուսամուտների բացվածքները։ Ապահովության համար ստորին հարկը լուսամուտներ չի ունեցել, այլ փոքրիկ մի մուտք, որը փակվել է սողնակավոր քարե դռնով։ Դղյակի հարկերը միմյանցից բաժանվել են գերանների վրա գամած տախտակներով։ Յուրաքանչյուր հարկ ունեցել է հատակագծում սեղանաձև սենյակ։
Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026թ-ին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով տանիքի տարբեր մասերում լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։ Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը` կառուցման վերաբերյալ (ներսում, հյուսիսային պատի վրա)։
Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XIդդ.), որը թաղածածկ քարե շենք է` փոքրիկ հանդերձարանով, համեմատաբար ընդարձակ լողասրահով, արևմտյան ծայրի կրկնահարկ բաժանմունքներով, որոնցում տեղակայված են եղել ջուր տաքացնելու կաթսան ու ջրամբարը։ Ջուրը բաղնիք է բերվել կավե փողրակներով, իսկ տաք ջուրը լողասրահ` երկաթե խողովակներով։ Հնոցի ծուխը, անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով` տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը։ Ամբերդի ջուրը 4-5կմ հեռավորությունից բերվել է կավե խողովակներով։ Դղյակում և բերդամիջում պահպանվել են ջրամբարներ։ Բերդաքաղաքի հարավ-արևմտյան կողմից բացվել է սալածածկ գաղտնուղի (գետնուղի) պաշարման ժամանակ ջուր վերցնելու համար։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։
Ամբերդի պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտեսական, ռազմական և մշակութային կյանքի հարցերի ուսումնասիրման համար։

Վանեվան

Վանեվանը գտնվում է Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում:
Ըստ շինարարական արձանագրության, Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 903-ին կառուցել է հայոց սպարապետ Շապուհ Բագրատունին, իր քրոջ` սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ: Այն կառուցվել է, դեռ վաղ միջնադարից կանգուն` միանավ բազիլիկ եկեղեցուց հյուսիս: Սպարապետը հիմնել է նաև վանական միաբանություն և Վանեվանին չորս գյուղ ու ջրաղացներ նվիրել:
Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտով, իսկ կամարները և գմբեթը տուֆով: Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք:
Վանեվանում 914-ին թաղվել է հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին: 980-ական թթ. վանքը նորոգել և գավիթ է կառուցել Աշոտ Գ Ողորմածի որդին` ապագա Գագիկ Ա Բագրատունի թագավորը: Վանեվանը XIII-XIVդդ. բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: 1502-ին գավթում թաղվել է Մելքիսեթ եպիսկոպոսը և վրան խոշոր խաչքար կանգնեցվել:
1871-80-ին վանահայր Թեոդորոս Շիրակացին նորոգել է վանքի շինությունները:

Սևանավանք

Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։
Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IXդ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը` Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց (փոքրը) և Աստվածածին։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը` գրված 874թ.-ին։
Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Աստվածածին եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.): Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։
Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57թթ.-ին եկեղեցիները վերանորոգվել են։

Հայրավանք

Հայրավանք IX-XIIդդ. վանքային համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան մասում Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։ Պահպանվել է եկեղեցին՝ արևմուտքից կից գավթով։ Եկեղեցին, կառուցված IX դարի վերջին, քառակոնք է, 6,15մ x 7,15մ ներքին առանցքային չափերով, հարավից և արևմուտքից (բացվել է գավիթը կառուցելու կապակցությամբ) մուտքերով։ XIIդ. վերջին կառուցված գավիթը, պատկանում է երկսյուն գավիթների տիպին, արևելքից ավելացրած են երկհարկանի ավանդատներ, որոնք ընդգրկում են եկեղեցու արևմտյան աբսիդը։ Գավիթն ունի երդիկավոր, ութանիստ, շթաքարեզարդ գմբեթ՝ շարված սև և կարմիր շեղադիր քարերից։ Վանքի բազմաթիվ վիմագրություններից հնագույնը կատարված է 1211թ.-ին։
Հայրավանքի տարածքում պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի։ Ամենավաղ նյութը վաղ բրոնզեդարյան սև փայլեցրած անոթի պատահաբար գտնված կտոր է։ Միջին բրոնզի դարին են վերաբերում գունազարդ անոթների երկու բեկորներ։ Հայտնաբերվել են նաև կավե կուռք, բազմազան անոթներ, սուզակներ, կրակարաններ և այլն։ Հիմքեր կան ենթադրելու, որ Հայրավանքի առափնյա ժայռին կառուցված կիկլոպյան ամրոցը, որը եղել է պարսպապատ բնակավայրի միջնաբերղ, վերաբերում է նույն ժամանակաշրջանին: Հայրավանքից գտնվել են նաև միջնադարյան հասարակ ու ջնարակած կավանոթների նմուշներ։


Ըստ Ավանդության Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին` Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։


среда, 21 августа 2013 г.

Հերհերի վանք


Հերհերի գյուղը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզում, հին Երերերն է: Հերհերն իր բնությամբ և շրջակայքով հանդերձ անբացատրելի ու արտասովոր գեղեցիկ է: Մի շարք օտարեկրացիների կողմից այն անվանվել է “երկրային դրախտ”:  Գյուղի ոլորուն ճանապարհը իջնում է դեպի ձոր, որտեղ էլ մի մեկուսի ժայռի գլխին, երկու ձորերով եզերվելով, բազմած է Հերհերի վանքը (գյուղից 1 կմ հյուսիս-արևելք): Այս բարձրունքը բոլոր կողմերից պաշտպանված է ձորերի բարձր քարափներով, իսկ խոցելի-թույլ տեղերը ամրացված են պարիսպներով, որոնք այդ վայրը դարձնում են անառիկ բնակատեղի: Վանքը հիմնադրվել է վաղ միջնադարում, ստույգ հայտի չէ երբ, բայց հիշատակվում է 8-րդ դարից սկսած: Վանքի շրջակայքում կան նաև մի շարք գերեզմանաքարեր ու խաչքարեր: Նկատվում են առանձին շենքերի հետքեր: 
Վանքի հնագույն կառուցվածքը` ՍՍիոն եկեղեցին (կոչվում է նաև Սբ. Սիոն մենաստան) կառուցված է կոպտատաշ ավազաքարից, ներսից սվաղված է և ունի միանավ թաղածածկ: Հատակագիծն արտաքուստ քառանկյունի է ներսից` արևելյան և արևմտյան ծայրերն ունեն կիսակլոր ապսիդներ, որոնք եզակի են հայկական ճարտարապետության մեջ:  Արևելյան կողմի ապսիդի մեջ շինված է ցածրիկ բեմ: Ծածկը թաղակապ է, երկթեք տանիքով: Առաստաղը գոտկող միակ տաղակիր կամարի կրունկները հենվում են կալունակների վրա: Արևմտյան և հարավային կողմերից ունի մուտքեր: Հարավայինը հավանական է բաց են արել երկրորդ եկեղեցին կառուցելու միջոցին: Տանիքը պատած է մաքուր հղկած սալաքարերով. նկատելի են վերանորոգման հետքեր: Նրա ճարտարապետական ձևերը խաչաձև և բազիլիկատիպ ձևերի միացում է, որը ենթադրել է տալիս, թե եկեղեցին կարող է կառուցված լինել 8-9-րդ դարերում: Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռ, որի ծածկը թաղակապ է, արևելյան կողմից կիսակլոր աբսիդով: Մուտքը հարավային կողմից է` Սիոն եկեղեցու միջից: Վերջինիս հարավից կից է Ս.Աստվածածին եկեղեցին, փոքրիկ շինարարական կառուցվածք, որը, ըստ հարավային պատի ընդարձակ արձանագրության և արևմտյան ճակատին եղած թվականին համաձայն, կառուցել է Մագիստրոսի թոռ, Վասակի որդի Վահրամ Շահուռնեցի իշխանը 1282-1283 թթ: Սրբատաշ քարից կառուցված եկեղեցին քառանկյունի հատակագծով էմիանավ, թաղածածկ, իսկ արևելքում զույգ կիսաշրջանաձև խորաններով (ապսիդներով), արևմտյան ճակատին ճանկերում խոյ բռնած արծվի բարձրաքանդակով: Երկու մուտքերից մեկը բացվում է արևմտյան, իսկ մյուսը` հյուսիսային կողմից և տանում է դեպի հին եկեղեցին: Հարուստ է վիմական արձանագրություններով` նվիրատվական բովանդակությամբ, որոնց վրա կան 1282, 1283, 1259, 1308, 1317, 1326, 1345 թվականներ: Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է Օրբելյանների տոհմանիշը` վրան 1282 թ.:
Եկեղեցուն կից տարածվում է փոքրիկ գերեզմանոց, որի գերեզմանաքարերը գլխավորապես ավազաքարից են. զանազան ձևի մշակումով: Գերեզմանոցում կան բազմաթիվ խաչքարեր, բոլորն էլ պատվանդաններով և գեղեցիկ ձևով քանդակազարդված: Դրանց վրա կան` 1283, 1291, 1310, 1413, 1435, 1649 թվականների արձանագրություններ:
Հերհերի ՍՍիոն անապատը (ամբողջական համալիրը նաև այսպես են անվանում) XIII-XIV դդ. եղել է Շահուռնեցի իշխանների հոգևոր կենտրոնը և բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: XIV դարում անապատի համալիրը նորոգել է ոմն Մեթարը:
Կան վկայություններ  նաև այն մասին, որ 1349-ին այստեղ Վահան գրիչը Ավետարանն է ընդօրինակել:
Հատկապես Հերհերի եկեղեցին, ինչպես նաև գյուղի սահմաններում պահպանված նյութական կուլտուրայի բազմաթիվ հուշարձանները մասամբ հաստատում են որոշ բանասերների այն պնդումը, համաձայն որի` Հերհերի գյուղը հնում քաղաքատիպ ավան է եղել:
Ընդ որում, վանքի պատերից  մեկի վրա, ըստ երևույթին 13-րդ դարի դժվարընթեռնելի մի արձանագրություն կա, ըստ որի այդ ավանը նախկինում կոչվել է Առինջ:    Հերհերի վանքը իրենից կարևոր արժեք է ներկայացնում հայ ճարտարապետության մեջ: Այն կարծես ձուլված լինի տեղանքին` այնքան ներդաշնակ ու խորհրդավոր: Ամենուր խաչքարեր ու ավերակներ. իսկ երկու «եղբայր» եկեղեցիներըկածես միմյանց մեջք մեջքի,  դարերով լուռ կանգնած են: Այս ամենին իր յուրովի երանգն են տալիս  ձորը` աղմկոտ, վարար, և ժայռերից վերև` Վայոց սարը: Մարդու աչքը դժվարությամբ էր բաժանվում այս հոյեկերտ վանքի տեսարանից:

Ցաղաց Քար վանքային համալիր

Ցաղաց քար վանքը գտնվում է Արտաբույնք գյուղից մոտ 6կմ դեպի հյուսիս արևելք, բարձրավանդակի վրա: Բաղկացած է երկու խմբից, որոնք իրարից հեռու են 200մ:
Ցաղաց քարի արևմտյան խմբի գլխավոր եկեղեցին կոչվում է սբ. Աստվածածին, որը կառուցվել է Սմբատ Բագրատունու օրոք` 10-րդ դարում:  Հուշարձանախմբի հաջորդը ս. Հովհաննես անունով միանավ թաղակապ եկեղեցին է` շարված  բազալտե  կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Եկեղեցու արևելյան որմին փորագրված է թվական` ՆԼԸ (989թ.): Արևմտյան որմին փորագրված արձանագրությունը հաղորդում է 1222թ. եկեղեցին վերանորոgելու մասին:
Ս. Կարապետ: Ցաղաց քարի արևելյան խմբի gլխավոր եկեղեցին կոչվում է ս. Կարապետ: Կառուցվել է 1041թ.-ին Վարդիկ վանահոր հովանավորությամբ: Գմբեթավոր այս չքնաղ հուշարձանը լավագույններից է Հայաստանում, այն կառուցված է բազալտի զանգվածեղ սրբատաշ քարերով:


Ս. Կարապետի հարավային միակ մուտքի ճակատային քարը հարդարված է խաղողի ու նռան քանդակներով: Հյուսածո քանդակների կատարելությամբ աչքի են ընկնում եկեղեցու արևելյան և արևմտյան պատուհանների շրջանակները:
Արևելյան պատի տակ ընկած է մի քանդակ, որը ներկայացնում է թևատարած արծիվ` մագիլներում խոյ կամ գառ բռնած (նշան` տարածքը Սյունյաց գահերեց իշխաններին պատկանելու վերաբերյալ):
 
Ս. Կարապետի հյուիսային որմի վերին մասում զետեղված է մի ուրիշ զինանշան ներկայացնող բարձրաքանդակ, որը պատկերում է առյուծի, եզան կամ ցուլի մենամարտ: Քանդակը Վայոց ձորի Վասակյան ճյուղի ներկայացուցիչների ժառանգական խորհրդանիշներից մեկն է:
Խմբի հաջորդ կառույցը սբ.Նշան երկհարկանի դամբարան եկեղեցին է: Կառույցի առաջին հարկում ուղղանկյուն-քառանկյուն հատակագծով և պայտաձև խորանով եկեղեցին է: Արևմտյան մասում գավիթն է: Երկրորդ հարկում`գավիթի վրա փոքրիկ մատուռ-աղոթարանն է: Կառույցի արևմտյան ճակատը զարդարում են զույգ գեղաքանդակ խաչքարերը: Ս. Նշանը իր տիպի մեջ հայտնի ամենավաղ կառույցն է Սյունիքում: Ցաղաց Քարի հուշարձանախմբի շուրջը տարածվում է 10-17-րդ դարերի գերեզմանատունը` բազմաթիվ խաչքարերով և տապանաքարերով:

Պռոշաբերդ ( Բոլորաբերդ )


Բոլորաբերդ ամրոցը գտնվում է Սպիտակավոր Աստվածածին վանքից դեպի արևելք, մոտ երեք  կիլոմետր հեռու, լեռան սրածայր գագաթին: Կոչվում է նաև Պռոշաբերդ, այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ վերակառուցվել է Պռոշ իշխանի կողմից, երբ Զաքարյանները Վայոց Ձորի մի մասը տվեցին Պռոշյաններին: Պռոշաբերդի արևմտյան կողմում, հարթավայրի վրա, փոքրիկ ձորակի ափին նկատելի են հին բնակատեղի հետքեր` փոսերի ձևով, հավանական է, որ դրանք Բոլորաբերդ գյուղի ավերակները լինեն: 

Proshaberd
The castle Boloraberd is in the West of Spitakavor St. Atvatsatsin  Monastery, about 3 kilometers away, on the hill of a mountain. It is also called Proshabert. This fact makes us suppose that it has been reconstructed by the king Prosh when  the Zakariansgave apart of Vayots Dzorto the Proshians. In the  west of Proshabert there can be seen footprints, which look like a little holls.They may probably be the of Boloraberd.

Զորաց Ս. Աստվածածին

Զորաց Ս.Աստվածածին եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի Եղեգիս գյուղի արևելյան բարձունքին։
Ըստ արևելյան պատի արձանագրության կառուցել է (1303թ.-ից ոչ ուշ) Տարսայիճ իշխանի թոռը՝ Ստեփանոս Սյունյաց եպիսկոպոսը։ Բաղկացած է միայն խորանից և կից երկու ավանդատնից։ Արևմտյան պատին, անմիջապես բեմի առջև, երկու սյուների միջոցով երեք կամարակապ բացվածքներ են արված, վերին մասում ագուցված են երկու որմնախաչեր։ Աղոթասրահին փոխարինում է սալահատակ հրապարակը արևմտյան ճակատի առջև։ Արևելյան ճակատը մշակված է «հայկական խորշերով»։ Եկեղեցին շրջափակված է եղել պարսպով։ Զորաց եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք։ Ելնելով եկեղեցու կանոնից (ժամասացությունը թույլատրվում էր միայն անշարժ «պատարագի սեղանի» առկայությամբ)՝ են

թադրվում է, որ եկեղեցին կառուցվել էր արշավի գնացող զորքի համար։

Թանադե Վանք

Թանադե վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելք։ Պատմիչները հիշատակում են VIII դարից։
Վանքի գլխավոր՝ Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1273-1279թթ.-ին Պռոշյանների հովանավորությամբ։ Գմբեթավոր է, արտաքինից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև, չորս անկյուններում՝ ավանդատներով։ Եկեղեցին հարուստ է արժեքավոր արձանագրություններով և կենդանակերպ քանդակներով։ Հարավային պատին քանդակված է Պռոշյանների խորհրդանիշ արծիվը՝ ճանկերում գառ։
Եկեղեցուն հյուսիսից կից է վանքի Վարագա Ս.Նշան միանավ մատուռը (XIIIդ.)։ Ուշագրավ է մուտքի բարավորի որսի տեսարան պատկերող բարձրարվեստ հարթաքանդակը։ 1970թ.-ի պեղումներից (Ի. Ղարիբյան) վանքի հարավային մասում բացվել են եկեղեցի, քաղաքացիական շենքեր և XIII-XIVդդ. բազմաթիվ տապանաքարեր, իսկ արևմուտքում՝ գավիթ։ Եկեղեցին (XIIIդ.) զույգ ավանդատներով, մեծ թաղածածկ դահլիճ է, քառակուսի հատակագծով գավիթը կից է Ս. Ստեփանոս և Ս.Նշան եկեղեցիներին։ Ենթադրվում է, որ նորահայտ այս շենքերում է գործել Գլաձորի համալսարանը։
* * *
Հնում Սպիտակավոր, Արկազիի Սուրբ Խաչ և Թանադե վանքերը կրակի լույսի ազդանշաններով կապակցվում և լուրեր էին փոխանցում իրար: