пятница, 23 августа 2013 г.

Դաշտադեմ գյուղի պատմական հուշարձաններ

Արագածոտն մարզի Դաշտադեմ գյուղից մոտ 2կմ հարավ-արևմուտք` պատմական Քաղենի բնակավայրի տարածքում, գտնվում է Ս.Քրիստափորի վանքը:
Այն կազմված է VIIդ. փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցուց, նրանից հյուսիս` քառակուսի հատակագծով եռահարկ դամբարանատուն-զանգակատնից, միաբանության բնակելի շենքերից (այժմ` ավերակ), անմշակ քարերից շինված պարսպից և X-XIVդդ. խաչքարերով հարուստ գերեզմանատնից։ Միակ` արևմտյան շքամուտքը մշակված է VIIդ. բնորոշ, երկու կողմերում զույգ կիսասյունիկներով։ Սև տուֆի մաքուր տաշված քարերից շարված պատերին կան կառուցող վարպետների բազմաթիվ նշաններ։ Եկեղեցին հիմնովին նորոգվել է 1980-ին։
Գյուղի հարավային եզրին գտնվում է Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (VIIդ.): Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174-ին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին` շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։ 1812-ին Երևանի Սարդար Հյուսեին խանը հին ամրոցը շրջապատել է կոպտատաշ բազալտից կավե շաղախով շարված բազմանկյուն հատակագծով, անկյուններում ութ աշտարակներով, չափազանց հաստ պարսպապատերով։ Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է։ Քաղենիի ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի (0,75×1,5մ)` շարված բազալտե սալերից, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը։
Գյուղի տարածքում կան խաչքարերով և հարթ տապանաքարերով գերեզմանատներ, խաչքար-մահարձան (IXդ.): Պահպանվել են նաև 1018թ-ի նվիրատվական արձանագրությամբ Ս.Սարգիս եկեղեցու հիմնապատերը: Դեպի Թալին տանող ճանապարհի եզրին գտնվում են խոշոր իջևանատան ավերակները:


Комментариев нет:

Отправить комментарий