Նորավանքի համալիրի գլխավոր Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223թթ-ին։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Միակ մուտքը արևմուտքից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատունը։ Ենթադրվում է, որ գավիթը կառուցվել է եկեղեցու ավարտից անմիջապես հետո։ Գավիթը 1261թ, Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտարապետը։ Հետագայում՝ 1321թ երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է։ Ամենայն հավանականությամբ վերակառուցումն իրականացրել է Մոմիկը, որը նոր էր ավարտել Արենիի եկեղեցին։ Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածկ դամբարանը՝ Ս.Գրիգոր եկեղեցին (կառուցել է ճարտարապետ Սիրանեսը 1275թ)։
Համալիրի գլխավոր եկեղեցին Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Ս.Աստվածածինը (1339թ)։ Համալիրի տարածական դոմինանտն է Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Ս.Աստվածածինը (1339թ)։ Կառույցի ուղղանկյուն հատակագծով կիսագետնափոր առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են պատի մեջ ագուցված պահունակային աստիճանները։ Չորս անկյուններում ավանդատներ ունեցող այս հորինվածքը պսակված է սյունազարդ ռոտոնդայով։
17-18-րդ դարերում վանքը շրջափակվել էր պարսպով։ Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս, արևելյան կողմում եղած կառույցների մնացորդները։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը։ Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը։
Комментариев нет:
Отправить комментарий