среда, 21 августа 2013 г.

Հերհերի վանք


Հերհերի գյուղը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզում, հին Երերերն է: Հերհերն իր բնությամբ և շրջակայքով հանդերձ անբացատրելի ու արտասովոր գեղեցիկ է: Մի շարք օտարեկրացիների կողմից այն անվանվել է “երկրային դրախտ”:  Գյուղի ոլորուն ճանապարհը իջնում է դեպի ձոր, որտեղ էլ մի մեկուսի ժայռի գլխին, երկու ձորերով եզերվելով, բազմած է Հերհերի վանքը (գյուղից 1 կմ հյուսիս-արևելք): Այս բարձրունքը բոլոր կողմերից պաշտպանված է ձորերի բարձր քարափներով, իսկ խոցելի-թույլ տեղերը ամրացված են պարիսպներով, որոնք այդ վայրը դարձնում են անառիկ բնակատեղի: Վանքը հիմնադրվել է վաղ միջնադարում, ստույգ հայտի չէ երբ, բայց հիշատակվում է 8-րդ դարից սկսած: Վանքի շրջակայքում կան նաև մի շարք գերեզմանաքարեր ու խաչքարեր: Նկատվում են առանձին շենքերի հետքեր: 
Վանքի հնագույն կառուցվածքը` ՍՍիոն եկեղեցին (կոչվում է նաև Սբ. Սիոն մենաստան) կառուցված է կոպտատաշ ավազաքարից, ներսից սվաղված է և ունի միանավ թաղածածկ: Հատակագիծն արտաքուստ քառանկյունի է ներսից` արևելյան և արևմտյան ծայրերն ունեն կիսակլոր ապսիդներ, որոնք եզակի են հայկական ճարտարապետության մեջ:  Արևելյան կողմի ապսիդի մեջ շինված է ցածրիկ բեմ: Ծածկը թաղակապ է, երկթեք տանիքով: Առաստաղը գոտկող միակ տաղակիր կամարի կրունկները հենվում են կալունակների վրա: Արևմտյան և հարավային կողմերից ունի մուտքեր: Հարավայինը հավանական է բաց են արել երկրորդ եկեղեցին կառուցելու միջոցին: Տանիքը պատած է մաքուր հղկած սալաքարերով. նկատելի են վերանորոգման հետքեր: Նրա ճարտարապետական ձևերը խաչաձև և բազիլիկատիպ ձևերի միացում է, որը ենթադրել է տալիս, թե եկեղեցին կարող է կառուցված լինել 8-9-րդ դարերում: Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռ, որի ծածկը թաղակապ է, արևելյան կողմից կիսակլոր աբսիդով: Մուտքը հարավային կողմից է` Սիոն եկեղեցու միջից: Վերջինիս հարավից կից է Ս.Աստվածածին եկեղեցին, փոքրիկ շինարարական կառուցվածք, որը, ըստ հարավային պատի ընդարձակ արձանագրության և արևմտյան ճակատին եղած թվականին համաձայն, կառուցել է Մագիստրոսի թոռ, Վասակի որդի Վահրամ Շահուռնեցի իշխանը 1282-1283 թթ: Սրբատաշ քարից կառուցված եկեղեցին քառանկյունի հատակագծով էմիանավ, թաղածածկ, իսկ արևելքում զույգ կիսաշրջանաձև խորաններով (ապսիդներով), արևմտյան ճակատին ճանկերում խոյ բռնած արծվի բարձրաքանդակով: Երկու մուտքերից մեկը բացվում է արևմտյան, իսկ մյուսը` հյուսիսային կողմից և տանում է դեպի հին եկեղեցին: Հարուստ է վիմական արձանագրություններով` նվիրատվական բովանդակությամբ, որոնց վրա կան 1282, 1283, 1259, 1308, 1317, 1326, 1345 թվականներ: Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է Օրբելյանների տոհմանիշը` վրան 1282 թ.:
Եկեղեցուն կից տարածվում է փոքրիկ գերեզմանոց, որի գերեզմանաքարերը գլխավորապես ավազաքարից են. զանազան ձևի մշակումով: Գերեզմանոցում կան բազմաթիվ խաչքարեր, բոլորն էլ պատվանդաններով և գեղեցիկ ձևով քանդակազարդված: Դրանց վրա կան` 1283, 1291, 1310, 1413, 1435, 1649 թվականների արձանագրություններ:
Հերհերի ՍՍիոն անապատը (ամբողջական համալիրը նաև այսպես են անվանում) XIII-XIV դդ. եղել է Շահուռնեցի իշխանների հոգևոր կենտրոնը և բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: XIV դարում անապատի համալիրը նորոգել է ոմն Մեթարը:
Կան վկայություններ  նաև այն մասին, որ 1349-ին այստեղ Վահան գրիչը Ավետարանն է ընդօրինակել:
Հատկապես Հերհերի եկեղեցին, ինչպես նաև գյուղի սահմաններում պահպանված նյութական կուլտուրայի բազմաթիվ հուշարձանները մասամբ հաստատում են որոշ բանասերների այն պնդումը, համաձայն որի` Հերհերի գյուղը հնում քաղաքատիպ ավան է եղել:
Ընդ որում, վանքի պատերից  մեկի վրա, ըստ երևույթին 13-րդ դարի դժվարընթեռնելի մի արձանագրություն կա, ըստ որի այդ ավանը նախկինում կոչվել է Առինջ:    Հերհերի վանքը իրենից կարևոր արժեք է ներկայացնում հայ ճարտարապետության մեջ: Այն կարծես ձուլված լինի տեղանքին` այնքան ներդաշնակ ու խորհրդավոր: Ամենուր խաչքարեր ու ավերակներ. իսկ երկու «եղբայր» եկեղեցիներըկածես միմյանց մեջք մեջքի,  դարերով լուռ կանգնած են: Այս ամենին իր յուրովի երանգն են տալիս  ձորը` աղմկոտ, վարար, և ժայռերից վերև` Վայոց սարը: Մարդու աչքը դժվարությամբ էր բաժանվում այս հոյեկերտ վանքի տեսարանից:

Комментариев нет:

Отправить комментарий