
Գնդեվանքի արևմտյան պատին առկա է իշխանուհու արժանահիշատակ գործունեության վկայությունը։ Արձանագրությունն ասում է հետևյալը. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»:
Բարեպաշտ տիկին Սոփին երբ առաջին անգամ գնում է Գնդեվանք կոչվող խորաձոր վայրը` մենակյացների մոտ ուխտի, տեսնում է սուրբ նահատակների նշխարներ, միաժամանակ տեղեկանում, որ այդտեղ բազմաթիվ ու մեծամեծ բժշկություններ են կատարվում։ Ուստի նա անմիջապես բերել է տալիս ճարտար քարգործ վարպետներին, և սկսվում է շինարարությունը։

Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին։ Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան՝ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով։ Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված։ Ներսում` գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների բարձրաքանդակները։
999-ին, վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը։ Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ: Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն։
1008-ին վանահայր Սարգսի մեծ ջանքերով վանքապատկան հողերը ոռոգելու համար 22 կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել։

Գնդեվանքի բակում կան 10-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է՝ նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով։
Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը՝ ևս մեկ անգամ հայկական բնության և ճարտարապետության ներդաշնակության ապացույցը դառնալով։
Комментариев нет:
Отправить комментарий