пятница, 23 августа 2013 г.

Արուճի վանքային համալիր


Արուճի վանքային համալիրը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում՝ ժայռոտ դուրսցցվածքի վրա (Արագածոտնի մարզ): Այստեղ մ.թ.ա. IIդ-ից հայտնի համանուն բնակավայրում պահպանվել են հնագույն ամրությունների փլատակներ: Գյուղական գերեզմանոցում պահպանվել են Vդ. փոքր միանավ բազիլիկ եկեղեցու փլատակներ և V-VIIդդ. հետաքրքիր տապանաքարեր: Արուճը Vդ. եղել է արքունի զորքերի ձմեռային կայան, իսկ հայոց կառավարիչ Գրիգոր Մամիկոնյանը (661-682թթ.) այն դարձրել է աթոռանիստ։
Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Շինարարական արձանագրության և մատենագրական վկայությունների (Ղևոնդ, Հովհաննես Դրասխանակերտցի, Ստեփանոս Տարոնեցի) համաձայն` այն կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ.։ Տաճարը ներսից սվաղված է և պատած VIIդ. որմնանկարներով (այժմ՝ խիստ վնասված), որոնք ներկայացնում են Համբարձման տեսարանը։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավ-արևելյան կողմում, բացվել է 1948-1951թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։
Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ.) և այլ հուշարձանների ավերակներ։

Комментариев нет:

Отправить комментарий